Սեպտեմբերի 15-ին Հադրութի շրջանի Տող գյուղը կրկին կհուրընկալի Արցախի ու Հայաստանի մեծ ու փոքր գինեգործներին ու գինու սիրահարներին։ Արցախյան գինու հինգերորդ փառատոնին մասնակցության հայտ ներկայացրածների թիվն այս տարի զգալի աճել է. 49 գինեգործներ սեփական արտադրանքի համն ու հոտը գնահատելու հնարավորություն կտան գինի սիրողներին։

«Միջոցառման ծիսակարգի ժամանակ գինեգործական յուրաքանչյուր շրջանից մեկ ներկայացուցիչ խորհդանշական խաղող է լցնելու սայլի վրա տեղադրված տարայի մեջ: Գլխավոր տակառի պատվանդանահարթակի շուրջը պարողները դիմավորելու են խաղողով լի սայլը։ Սայլի պտույտից հետո պարող տղաները հերթականությամբ խաղողը ձեռքերով լցնելու են տակառի մեջ։ Արարողության ընթացքում պարող տղաները կատարելու են աղջիկների ոտնլվա և բարձրացնեն պատվանդանին: Այնուհետև աղջիկները պարելով՝ ճզմելու են խաղողը», -սպասվող արարողակարգի մասին artsakhpress.am-ին պատմել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Փառատոնի հյուրերը, Արտակ Գրիգորյանի խոսքով, անակնկալների պակաս ու ձանձրանալու խնդիր չեն ունենա. ներկայացվող նոր գինիները նաև տարեգրության մատյան կունենան։ «Բեմ են հրավիրելու արցախյան գինու փառատոնի սոմելյեին, ով ներկայացնելու է գինիների տարեգրության մատյանը։ Փառատոնին նոր գինիներով ներկայացած արտադրողները հնարավորություն են ստանալու իրենց արտադրանքի հակիրճ նկարագիրը լրացնել մատյանում և մեկական շիշ նվիրաբերել Տողի Մելիքական ապարանքի մառանին։ Մատյանը նույնպես ի պահ է տրվելու ապարանքի տնօրինությանը», -ասել է Ա. Գրիգորյանը։

Փառատոնի շուրջ 100 տաղավարներում բացի գինու տեսականիներից, ներկայացված կլինեն նաև ալկոհոլային այլ խմիչքներ, գյուղատնտեսական ապրանքներ, հուշանվերներ և այլն, կլինի նաև արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն։