Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսային համալիրի 2-րդ հարկի ցուցասրահում սեպտեմբերի 12-ին բացվել է գեղանկարիչ Աշոտ Առաքելյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:

Ծնվել է Արցախի Ննգի շենում:1992-ից ապրում և արարում է Չեխիայում: Նկարչության դասընթացներ է անցել ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի մոտ և բնավ պատահականություն չպիտի տեսնել նրանում, որ նույն այս օրերին Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում Հովհաննես Զարդարյանի 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսն է:

Ա.Առաքելյանը անդամակցում է Հայաստանի և Արցախի նկարիչների միությունների և Մորավիա-սլովակյան նկարիչների ասոցիացիային:
Բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Չեխիայում, Սլովակիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում և Նիդերլանդներում:

Նրա մասին այսպես է գրել Չեխիայի ակադեմիական նկարիչ Յոզեֆ Մաթիաս Մինարիկը. «Գեղանկարչական ոճերի և կողմերի արդի խառնաշփոթության մեջ Աշոտ Առաքելյանի նկարները պատկանում են ֆիգուրատիվ անհատականություն արտահայտող արվեստի ստեղծագործական բնագավառին, որի մեջ խորհրդանշականը և գեղագիտականը դառնում են հասկանալի և համոզիչ»:
Մի առիթով նկարիչը խոստովանել է. «Ես նկարիչ դարձա Չեխիայում»:

Չեխիայում նկարիչ դառնալով՝ արդեն 70-ամյա արվեստագետը պարբերաբար ցուցահանդեսներով ներկայանում է հայրենիքում: Այս ցուցահանդեսում ներկայացված են բնանկարներ, նատյուրմորտներ, քաղաքային տեսարաններ: Հատկապես առանձնանում են ծաղկանկարները և նուրբ լուսաստվերներով ու ուրվագծերով արտահայտված քաղաքային ինքնատիպ պատկերները, որտեղ քաղաքաբնակը երևութանում է կարծես անցողիկ, սակայն իր ներկայությունը հաստատելով կտավի վրա:

Ծաղկանկարները երևի թե երկու խմբի կարելի է բաժանել՝ վառ, թանձր գույներով ու վրձնահարվածներով կատարվածները և կանաչ ու ճերմակ գուներանգներով հարուստ, սակայն «համեստորեն» ներկայացվածները:
Այս նկարահանդեսը բազմաբովանդակ է և՛ թեմայի, և՛ գունաշխարհի, և՛ ոճերի տեսանկյունից:
Այն յուրօրինակ խոստովանություն է: Եվ նկարչի խոսքը հասնում է այցելուին:
Ցուցահանդեսը գործում է մինչև սեպտեմբերի 22-ը:

«Կերպարվեստ» պարբերական