Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունն արձագանքել է Սիրիա հայ մասնագետների հումանիտար խումբ ուղարկելու որոշմանը։ «Մենք հասկանում ենք Սիրիայի հայկական բնակչությանն օգնելու՝ ՀՀ կառավարության ցանկությունը», արձագանքել են դեսպանատնից։

Հիշեցնենք, որ ՊՆ համապատասխան մասնագետներից կազմված խմբի Սիրիա գործուղելու մասին կառավարության պատրաստակամությունը վերջին օրերին բազմաթիվ մեկնաբանությունների ու կանխատեսումների առիթ էր տվել։ Հիմնական մտահոգությունը, որ նկատվում էր մեկնաբանություններում, ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների վատթարացման հավանականությունն էր։ Այդ առնչությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան արձագանքն, ինչպես երևում է, առայժմ չեզոք է։

«Մենք ևս մտահոգ ենք Սիրիայի պատերազմի մարդասիրական հետևանքներով և խաղաղ բնակչության դժվարին վիճակով: Սիրիայում Հայաստանի ենթադրվող առաքելության մասին մեկնաբանություններ չենք կարող տալ, սակայն նշենք, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին, որտեղ երեք միլիոն անմեղ քաղաքացիական բնակչություն գտնվում է շրջապատման մեջ, ու նրանց սպառնում է հարձակում Ասադի ռեժիմի կողմից, որին սատարում են Ռուսաստանն ու Իրանը», -ասված է դեսպանատան պատասխանի մեջ։