ԽՍՀՄ օրոք, որ ֆուտբոլիստը 100-ից ավելի գոլ էր խփում, դառնում էր «Գրիգորի Ֆեդոտովի» ակումբի անդամ (Գրիգորի Ֆեդոտովը խորհրդային առաջին հարձակվողն էր, որն անցել էր 100 գոլի սահմանը):Առաջարկում եմ գաղափարը տեղափոխել ՀՀ քաղաքական դաշտ, հրապարակել այն կազմածների ցուցակը, որն անվերապահորեն պիտի կրի հայ քաղաքական մտքի տիտանի անունը:

Ըստ այդմ՝ առաջարկում եմ ստեղծել «Գալուստի կամ գալուստականների ակումբ», որին կանդամագրվեն միայն ա՛յն մեր «գործիչները», ովքեր այնքան «նշանակալից» նախադասություն կկազմեն, որ 100 հոգով հավաքվեն, գլուխ հանել փորձեն, ոչ միայն էլի չկարենան, այլ ընենց լարվեն, որ հիվանդանոց ընկնեն…
Եւ այսպես, այս անգամ «Գալուստի ակումբին» անդամագրվելու իր «ազդեցիկ» հայտը ներկայացրեց «սիրո և հանդուրժողականության մեծագույն ջատագով» ՀՀ Աժ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ահավասի՛կ այդ «գլուխգործոցը». «Օլիգարխ սահմանումը, ճիշտն ասած, ես լավ չեմ ընկալում, այդ սահմանման հետ համաձայն չեմ, բայց եթե որեւէ մեկը օրենքից դուրս ինչ-որ գործողություն կատարում է, բնականաբար, դրա համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատասխանատվություն կրի»:

Եւ այսպես, Հայաստանի Հանրապետության՝ ՀՀԿ-ի անզուգական հռետորների ձեռքն էսպես անհույս տանջված իմ քաղաքացիներ, էսօրվանից զգո՛ւյշ եղեք, քանզի Վահրամ Բաղդասարյանն ասում է, թե այսուհետև «որ մեկն օրենքից դուրս ինչ գործողություն արեց», «բնականաբար», «դրա համար» դուք՝ «յուրաքանչյուր քաղաքացիդ» է պատասխանատվություն կրելու:
Այսինքն, ժողովո՛ւրդ ջան,
-Սաշիկի «50-50 տոկոսի»-ի համար պատասխանատվությունը 100 տոկոսով դո՛ւք պիտի կրեք,
-Սերժը, որ ասաց՝ «Ես սխալ եմ», էդ նշանակում է, որ ձեզնից յուրաքանչյո՛ւրն էր սխալ,
- խանութներից որ աստղաբաշխական գներով ապրանք էիք առնում, ձեզնից յուրաքանչյո՛ւրն ու ձեր խե՛լքն էր մեղավոր,
-որ մարտի 1-ին կոտորվեցիք, ձեզնից յուրաքանչյո՛ւրն էր մեղավոր,
-որ ինչքան քուչի գողական կար, դրին ձեր գլխին, ձեզնից յուրաքանչյո՛ւրն էր մեղավոր,
-որ երկիրը ՀՆԱ-ի մակարդակով հանգրվանեց Բուրկինա-Ֆասոյի ու Անտարկտիդայի արանքում գտնվող հորիզոնականում, ձեզանից յուրաքանչյո՛ւրն է մեղավոր,
-որ երկրի արտաքին պարտքը դարձավ «անհնարինը՝ ակնհայտ» ժանրի ստեղծագործություն, ու հիմա էդ պարտքը, իրենց փոխարեն, ձեզանից յուրաքանչյուրը պիտի փակի, ձեզանից յուրաքանչյո՛ւրն է մեղավոր,
-որ ՀՀ նախագահների ընտանիքները «լրիվ զրոյից միլիոններ ստեղծեցին», իսկ իրենք՝ էդ նախագահները, «դառը դատած՝ դափ-դատարկ նստեցին», «իրենց ընտանիքների էդ արարմունքից անտեղյակ ու խաբված էսպես մնացին» ու էսպես «ծայրահեղ չքավոր մնացին», դո՛ւք եք մեղավոր,
-որ դուք էդ միլիոնները ստեղծելու տեղ իրենք ստեղծեցին, դո՛ւք եք մեղավոր,
-որ կոռուպցիան Հայաստանում դարձավ, ոնց որ էբոլան Աֆրիկայում, դո՛ւք ու էբոլա՛ն եք միայն մեղավոր,
-և վերջապես, որ Վահրամ Բաղդասարյանի պես առջնորդների արժանացաք, «բնականաբար», «դրա համար» էլի դո՛ւք եք մեղավոր…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ