ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսազրույցների հանրայնացումը հարմար առիթ հանդիսացավ, որ Ռոբերտ Քոչարյանի իբր «հակահեղափոխական» ճամբարում վայնասունի հզոր ալիք բարձրանա։ Մեկը մյուսին հերթ չտալով՝ սկսեցին խոսել երկրում տիրող «խայտառակ» դրության, ուղղորդված արդարադատության և «հանցագործ արարքի» մասին։

Առաջին հերթին շտապեց խոսել Ռոբերտ Քոչարյանը, ով վերջին երկու շաբաթների ընթացքում ավելի շատ հարցազրույցներ է տվել, քան պաշտոնավարման տարիներին։ Տեղի ունեցածը նա գնահատեց որպես հանցագործություն և չմոռացավ հիշեցնել, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Ապացույցը գաղտնազերծված հեռախոսազրույցների բովանդակությունն է, որ փաստում է՝ գործը քաղաքական է և կապ չունի Մարտի 1-ի հետ։

ՀՀ 2-րդ նախագահն ակնհայտ վրդովված է, որ Վանեցյան-Խաչատրյան զույգը հասարակությունից և իրենից ներողություն խնդրելու և հրաժարական ներկայացնելու փոխարեն անցել է հակահարձակման։ Վերջիններս հրավիրած ասուլիսի ժամանակ հստակեցրեցին, որ ոչ միայն հրաժարականներ չեն լինի, այլև նոր փաստեր հրապարակեցին։ Այսչափ հանդգնությունը Քոչարյանի ընկալմամբ անթույլատրելի է, սակայն նրա նույն այդ ընկալմամբ կասկածից վեր է, որ Վանեցյան-Խաչատրյան զույգի անկաշկանդ հայտարարությունների հետևում «բռնապետ» Նիկոլ Փաշինյանն է, ով իր դեմ սկսված ողջ գործընթացը ուղղորդում է։ Ուստի, բխեցնում է ՀՀ երկրորդ նախագահը, ժողովուրդը պետք է ճիշտ գնահատի ստեղծված իրավիճակը, որը կարող է ունենալ շատ վատ հետևանքներ։ Միանշանակ է՝ Ռոբերտ Քոչարյանը ակնկալիքներ ուներ գաղտնազերծումից, որոնք թերևս չիրականացան և փորձում է նմանատիպ ծայրահեղ ձևակերպումներով կասկած սերմանել հասարակության որոշ շերտերում։

Ստեղծված իրավիճակի իր «հեղինակավոր» գնահատականով չի ուշացել նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ով օրիգինալ է եղել այնքանով, որ կրկնել է իր բոսի մտքերը՝ չտրվելով հավելյալ բացատրությունների։ Նա yerkir.am-ի հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտել է․ «Տեղի ունեցածը ծանր հանցագործություն է, և բոլոր մեղավորները պետք է խստագույնս պատժվեն, այդ թվում արդարադատությանը խոչընդոտելու և դրան միջամտելու համար։ Կարծում եմ նաև, որ մինչև հեռախոսազրույցի մասնակիցները հրաժարական չներկայացնեն, Մարտի 1-ի գործի արդարացիության վերաբերյալ որևէ վստահություն լինել չի կարող։ Սա օրախնդիր հարց է»։

Ե՛վ Քոչարյանի, և՛ Սողոմոնյանի խոսքում կարմիր թելի պես անցնում է հրաժարական տալու պահանջը, որը Սողոմոնյանը, ինչպես վերն ասացինք, որակել է իր համոզմամբ օրախնդիր, մեր համեստ պատկերացմամբ օրապակաս հարց։ Տպավորություն է, որ ձայնագրությունների հրապարակումը թիրախավորված նպատակ էր հետապնդում և ակնկալում էր միայն մեկ ելք։ Այն է՝ ասպարեզից հանել Արթուր Վանեցյանին և Սասուն Խաչատրյանին, ինչը, հնարավոր է, կկանխեր մարտի 1-յան հետագա բացահայտումները։ Ամբողջ ցավն այն է, որ հայաստանյան քաղաքական դաշտում իներցիայով իրենց մնալը շարունակողներն այսպես էլ անկարող են ընկալել, որ իրողությունները վաղուց դուրս են եկել նեղ անձնային ընկալումներից ու տեղափոխվել են հանրային կարծիքի ձևավորման անհամեմատ ավելի լայն տիրույթ:

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ