ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Հայաստան` այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ստեղծված լարված ներքաղաքական մթնոլորտի ֆոնին Պուտինի այցը հնարավոր է տա որոշ անավարտ հարցերի պատասխան, որ ժամանակ առ ժամանակ շահարկվում է քաղաքական ուժերի և լրատվամիջոցների կողմից։ Այն է՝ ՌԴ-ի ոչ միանշանակ դիրքորոշումը Հայաստանում ծավալվող ձերբակալությունների և մարտի 1-յան բացահայտումների վերաբերյալ։ Այս թեմայով որոշ պարզաբանումների հասարակությունը սպասում էր դեռևս սեպտեմբերի 8-ի Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ, սակայն, ինչպես արդեն հայտնի է, փակ դռներից այս կողմ, ՌԴ նախագահը նախընտրեց խոսել միայն Հայաստան-Ռուսաստան դարերով ձևավորված առանձնահատուկ հարաբերություններից, տնտեսական համաչափ զարգացող հարաբերություններից, և ոչ մի ակնարկ չարեց այսօրվա ներհայաստանյան «եռացող կրքերի» մասով։ Չնայած, չի բացառվում, որ Պուտինը նախընտրեց լսել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով հենց սկզբից ընդգծեց՝ որոշակի կնճռոտ հարցեր կարող են հարթվել առողջ երկխոսության արդյունքում, որը պետք է հիմնված լինի երկու երկրների ինքնիշխանության և ներքին գործերին չխառնվելու սկզբունքի վրա։

Միանշանակ է, որ այսպիսի հայտարարությունների Պուտինը պատրաստ չէր՝ տարիներ շարունակ սովոր լինելով ստրկական հնազանդության, որ դրսևորում էին նախկին իշխանությունները։ Ուստի պատասխան արձագանքի ակնկալիք ունեին շատերը, որը հնարավոր է եղավ մեծ աղմուկ բարձրացրած սկանդալային հեռախոսազրույցի հրապարակման ձևով։ Չմոռանանք՝քննարկվող տարբերակներից է, որ գաղտնալսման ետևում կանգնած են արտաքին ուժեր։ Հետևաբար կան նախադրյալներ կարծելու, որ այս հանդիպումը, այնուամենայնիվ, կստիպի երկու կողմերին խոսել և հայտնել երկուստեք դիրքորոշումներ՝ հստակեցնելով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա ընթացքը: