Ֆլորիդայի (ԱՄՆ) արեւմտյան ափին, Տամպայի ծոցում, ջրիմուռների ծաղկման պատճառով ափ են նետվում սատկած ձկներ եւ ծովային կենդանիներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Washington Post-ին: Կլիրուոթերից մինչեւ Սանկտ Պետերբուրգ հատուկ ծառայության աշխատակիցները մաքրում են ձկներին, որոնք քայքայվելով, սարսափելի հոտ են տարածում եւ վախեցնում են զբոսաշրջիկներին: Թունավոր ջրիմուռները հանգեցրել են նաեւ հարյուրավոր ծովային կրիաների, աֆալին դելֆինների եւ անգամ 8 մետրանոց կետային շնաձկան մահվան:

Վայրի բնության պահպանության հանձնաժողովի տվյալներով վտանգավոր ջրիմուռները գտնվում են ծովափից մոտ 190 կմ հեռավորության վրա: Բույսերի արտանետած տոքսինները կարող են տարածվել ոչ միայն ջրում, այլեւ օդում եւ շնչառական խնդիրներ առաջացնել մարդկանց մոտ: Նրանք կարող են ասթմայի սրացմանը հանգեցնել: