Փաշինյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի մասնակցությամբ Երևանում բացվել է Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը:

Վարչապետը ելույթ է ունեցել ֆրանսերենով, շնորհավորել է Միկաել Ժանին ֆորումի բացման կապակցությամբ և նշել, որ Երևանում նրա ներկայությունը նույնքան խորհրդանշական է, որքան կարևոր, քանի որ մեկ ամսից Հայաստանն ընդունելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը. «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններին երիտասարդների, կանանց և տղամարդկանց մասնակցությունը ցույց տվեց, թե որքան կարևոր է քաղաքացիական հասարակությունը, որքան կարևոր են մեր երկրում ժողովրդավարության, համերաշխության արժեքները, որ մենք ունենք և որոնք կիսում ենք Ֆրանկոֆոնիայի մեր բոլոր բարեկամների հետ: Հպարտությամբ եմ նշում, որ մեր երկիրը կարևոր գործ է ստանձնում և կարևոր հանգրվան է ապրում՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ցանկանում եմ վստահեցնել, որ մեր կառավարությունը, ինչպես և ամբողջ Հայաստանը, մոբիլիզացրել է իր ուժերը, որպեսզի հյուրընկալության լավագույն ավանդույթներով հյուրընկալի գագաթաժողովի մասնակիցներին»:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանն իր հերթին նշել է, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին հայ ժողովուրդը պատրաստվել է իրեն բնորոշ հյուրընկալությամբ. «Մեզ համար մեծագույն պատիվ է գագաթաժողովն անցկացնել մի երկրում, որտեղ տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, խաղաղ իշխանափոխություն»:

Միկաել Ժանի փոխանցմամբ՝ Երևանում հնարավորություն է ունեցել հանդիպել երիտասարդների, ովքեր քաղաքացիական պատասխանատվություն են ստանձնել՝ առաջ տանելու թավշյա հեղափոխության ձեռքբերումները: Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների ֆորումին մասնակցում են շուրջ 200 ՀԿ ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից և գրեթե բոլոր մայրցամաքներից: 

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ