Նիկոլի ելույթն ինձ մի պահ տարավ Հին Հունաստան, Աթենք, որտեղ ագորայում Աթենքի քաղաքացիները սև ու սպիտակ քար էին քվեարկղը գցում ու իրենց քաղաքի բախտն ու բախտախնդիր հարցերը էդ միջոցով լուծում:

Հա՛, Աթենքի ագորայում ձայնի իրավունք ունեցող աթենացիք՝ քաղաքացիները, հավաքվում, ամեն մեկի ձեռքն էին տալիս մի սպիտակ ու մի սև քար, քարն այդ կոչվում էր քվե, ու քաղաքացին այդ քարերից մեկը նետում էր արկղը. դրան ասում էին քվեարկություն:

Առանց չափազանցության՝ նման մի բան էր սեպտեմբերի 11-ին Դավթաշենում կատարվածը, որտեղ քաղաքացիներն իրենց վերդիկտը կայացրին: Ժողովրդի առաջ Նիկոլը երդում կերավ, ժողովրդին իր խոստումը տվեց, ժողովուրդն էլ Նիկոլին տված իր մանդատը վերահաստատեց: Հիմա Նիկոլը կարող է անել ամեն հարկի բան, ինչը կտանի դեպի հաղթանակ: Քա՛վ լիցի, ոչ մի անօրեն արարք. բայց օրենքներն էլ ախր վերջին հաշվով ժողովուրդն է գրում: Եւ ուստի ժողովուրդն այսպես Նիկոլին տալիս է նաև մի հավաստագիր, որ իր անունից օրենք էլ փոխի. ինքը ժողովուրդը հավաստիացնում է, որ կվավերացնի այդ փոփոխությունը: Ըստ այդմ՝ սպասենք վարչապետի կողմից տրված ժամկետներում ուժայինների գործողություններին:

Միանգամայն բնական հարց է առաջանում՝ թավիշը փոխարինվեց կամուֆլյաժո՞վ:
Գո՛ւցե:
Բայց արդեն ասել եմ, որ թավշյա հանդերձով ու թավշյա ձեռնոցներով նման ծանր գործ դժվար է անել: Ակնհայտորեն ուրիշ ճար չկա: Դիմացը զինված հակառակորդ է: Իսկ կռիվ դրսում այնքան կա, որ ներսում կռիվն արդեն շռայլություն է: Ուրեմն մնաց միմիայն մի բան. դրանց զինաթափել, դրանց ձեռքերից զենքն առնել, դրանց խաղից դուրս հայտարարել: Ու դրանց վրա մի խարան դաջել, որ զգուշանան խարանակրից ու իմանան, թե ում հետ գործ ունեն նրանք, ովքեր այսօր այդ ծանր գործն են ստանձնել-անում:
Ամենաազդեցիկն այն էր Դավթաշենյան այդ երևի թե պատմական իրադարձությունում, որ ճիշտ է հուզական, բայց միաժամանկ ծրագրային թեզիսները, որ բարձրաձայնվեցին, ամենայն հավանականությամբ, ի կատար են ածվելու: Քանզի այդքան բարձրաձայն հնչելուց հետո դրանք այլևս դատապարտվա՛ծ են ի կատար ածվելու:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ