Ի պատասխան վերջերս արված հրապարակման բազմաթիվ մեկնաբանությունների և հարցադրումների` երեկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն հանդես է եկել նոր հրապարակմամբ՝ հայտնելով հետևյալը. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բազային կայանները, կոմուտացիոն և ծրագրային ապահովման համակարգերը տեխնիկական հնարավորություն չեն նախատեսում բաժանորդների միջև կատարվող զանգերի կամ կարճ հաղորդագրությունների բովանդակության պահպանման, խոսակցությունների գաղտնալսման համար: Խոսակցությունների գաղտնալսում կարող է իրականացվել միայն հատուկ ծառայությունների համար նախատեսված հատուկ սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցով, որոնց մուտք գործելու տեխնիկական հնարավորություն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը երբևէ չի ունեցել:

Ընկերության ցանցը լիովին պաշտպանված է կոդավորման (encryption) միջազգային ստանդարտներին համապատասխանող հատուկ համակարգով, և առանց հատուկ տեխնիկական միջոցների գործադրման ու միջամտության, ապակոդավորում և բաժանորդների միջև ընթացող խոսակցության գաղտնալսում տեղի ունենալ չի կարող:

Գաղտնալսման մեղադրանքները բացարձակապես անհիմն են ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ օրենսդրության համաձայն շարժական կապի օպերատորները իրավունք չունեն գաղտնալսել իրենց բաժանորդների խոսակցությունները, այլև այն պարզ պատճառով, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համար նման գաղտնալսումների իրականացումը ենթադրելու էր հսկայական ծավալների տեղեկատվության պահպանման համար համապատասխան սարքավորումների ձեռքբերման և սպասարկման հետ կապված շարունակական ծախսեր, ինչը բացարձակապես չէր կարող հետապնդել որևէ առևտրային նպատակ ընկերության համար և ինքնին հանդիսանալու էր չհիմնավորված ծախս:

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն պահպանում է ընկերության՝ ֆիզիկական և էլեկտրոնային տեղեկատվական ակտիվների հասանելիությունը, գաղտնիությունը և ամբողջականությունն իր հաճախորդների անհատական տվյալները պաշտպանելու և ընկերության հեղինակությունը պահպանելու նպատակով: Ընկերության տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը համապատասխանում է ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտի բոլոր պահանջներին»:

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ