Հա՛, հարսանքավորներին լցրած օդանավ՝ պորտապարասեր արաբական երկիր հարսանիքի աճապարելու տեղ, Երուսաղեմ էր պետք էդ «կոլեկտիվով» բոբիկ ոտներով աճապարել:
Ինչու գնայի՞ք:
Մեղքերի թողությա՛ն:
Որ մեղքերի՞:
Սկսեմ ամենաանուղղելիից:


Մաս 1. «Աստ հանգչի ՕԵԿ՝ 1998-2008»

«Եթե ես չմիանայի Սերժ Սարգսյանին, ապա զոհերն ավելի շատ կլինեին մարտի 1-ին»:

Արթուր Բաղդասարյան ՕԵԿ հիմնադիր նախագահ

Բոլորն այսօր անդրադառնում են 2008-ի մարտի 1-ին ու մարտի 2-ին: 
Համաձայն եմ: 
Անդրադառնալու բան է: 
Ողբերգություն է: 
Բայց պետք է սկսել ամսի 3-ից` փետրվարի՛ 3-ից, երբ Արթուր Բաղդասարյանը «Հայե՛ր, միացե՛ք» էր աղաղակում՝ գրպանում պահած ձեռքի մատները խաչ-փաչ անելով, քանզի, հա՛, միանալու էր, բայց… Սերժին:

Իսկ հիմա արդեն ուշ է: Երուսաղեմ գնալն անգամ հիմա չի փրկի, մանավանդ որ չեն փրկի նաև Փարիզ ու Բրյուսել ու անգամ Մոսկվա գնալը:
Ըստ այդմ՝ դիմում եմ ՕԵԿ-ի շարքային ու խաբված բոլոր անդամներին:
-Արար աշխարհն է տեղյակ, որ մարտի 1-ի նախօրեին դուք՝ ՕԵԿ-ի շարքային անդամներդ, արդեն որոշել էիք միանալ հանրահավաքի ու նստացույցի մասնակիցներին, բայց հաջորդ օրվա ողբերգությունը կանխեց այդ քայլը: Նույն արար աշխարհը տեղյակ է, որ ձեր ապրած ողբերգությունը, երբ ձեր ղեկավարն անցավ «հակառակորդի» կողմը, հոգեկան առումով ոչ պակաս ողբերգություն էր, քան այն, ինչ կատարվեց: 
Այդ դեպքում ի՞նչ կա, ձեզ ի՞նչ պատահեց, մոռացա՞ք արդեն եղածն ու նորից նույն փոցխի վրա՞ եք ոտքներդ դնում: 
Ախր էդ փոցխի կոթն էլի ձե՛ր ճակատին է հագնելու ու ոչ թե ձեր առաջնորդի ու առաջնորդների: Իրենց համար ի՞նչ կա. իրենք օր օրի էլի շարունակում են հարստանալ ու, հենց մի քիչ տրամադրություններն ընկավ, Փարիզ են գնալու՝ ընկած տրամադրությունը նորից բարձրացնելու: Դուք Երրորդ մասից դեն ախր ուրիշ տեղ չունեք, որ գնաք, լիցքավորվեք, գաք…

2008-ին ձեր հավաքած 17 տոկոսը 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում դարձավ 3 ամբողջ 72 հարյուրերորդական խայտառակ տոկոս:
Ո՞ւմ շնորհքն էր դա:
Նրա՛նց, ումից դուք խաբված եք եղել ուղիղ քսան տարի:
Նրա՛նց, ում շնորհիվ բոլորիդ խաբելու օրը ապրիլի 1-ից տեղափոխվեց ապրիլի 2:
Նրա՛նց, ովքեր հիմա էլ ուզում են տանել ձեզ նոր խայտառակության, քանզի ա՛յս անգամ այդ կուսակցությունն այնքա՛ն ձայն կհավաքի, որ երանի կտաք այն 3 ամբողջ 72 հարյուրերորդականին:
Հիշե՛ք, կուսակցությունը, որին ցօրս ձեզանից մնացած որոշ խլյակներ չգիտես ինչու սատարում են դեռ, արդեն քաղաքական վաղուցվա մեռել է. դրա անշուք շիրմին գրված է արդեն. «Աստ հանգչի ՕԵԿ՝ 1998-2008»:


Այո, 2008-ին ՕԵԿ-ը մեռավ: Արթուր Բաղդասարյանն ու մյուս ձեր լիդերները սպանեցին ՕԵԿ-ը: Ու հիմա մեռելապաշտությա՞մբ են դրդում ձեզ զբաղվելու,
 
իսկ նրանց, ովքեր սոց.ցանցերում իրենց անաչառ վերլուծությամբ հայտնի կայք են, ուզում են անվանարկել ու, իրենց արևին, դնել-«քլնգել»կամ «խամյակի» եղունգներով քչփորել: Վերջին նախազգուշացմամբ հիշեցնում եմ, որ մերը քլունգ չէ, մերը եղունգ չէ, ու մենք քլնգող ու քչփորող չենք. մերը բուլդոզեր է, ու վայն էկել-տարել է էն քչփորողին ու էն «խամյակին», ով էդ բուլդոզերի «կովշին» ռաստ կգա:

Ինչ նորից վերաբերում է էդ քչփորողներին «քսի» տվող ՕԵԿ-ի՝ «գաղափարական գծով»գաղափարազուրկ բջջին, ապա իրեն էլ ենք զգուշացնում, որ իր վերմակի չափ իր ոտները մեկնի: Հակառակ դեպքում՝ հայոց քամելեոն ՕԵԿ-ի պուճուր էդ «գլխուղեղն»  էն օրը կընկնի, որ Նուբարաշենում «գործող» հայտնի հիմնարկին երանի կտա: Ուրիշ բան չմտածեք. աղբավայրը նկատի ունեմ: Ասածս էն «կովշով» կառնենք, կտանենք, իրեն հարմար տեղ կտեղավորենք:
Հիշեցնեմ, որ սա առայժմ վերջին նախազգուշացմամբ մի անմեղ հիշեցում էր սոսկ:

Նորից անդրադառնալով սկզբին ու ամենագլխավորին՝ պարոն Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե՝ «Եթե ես չմիանայի Սերժ Սարգսյանին, ապա զոհերն ավելի շատ կլինեին մարտի 1-ին», ապա առարկենք.
-Եթե չմիանայիք Սերժ Սարգսյանին, ապա զոհ առհասարակ չէր լինի, քանզի հենց ձեր միանալը թև տվեց թևաթափ «թևավորներին»: Չմիանայիք՝ լրիվ մենակ կմնային, առանց «երամի»՝ չէին համարձակվի, էդքան հեռու չէին գնա հաստա՛տ:

Հա՛, կոալիցիան ձեր ասածի պես մարտի 21-ին ձևավորվեց, բայց, մի՞թե չգիտեք, որ ի սկզբանե միշտ էլ Բանն է: Իսկ ձեր պարագայում՝ բանն այն է, որ դուք կամ կասկածելով սպասում էիք, որ իմանաք, թե կոտորածը ինչով կավարտվի, կամ լավ էլ գիտեիք, թե ինչով կավարտվի, ու դրա համար, ձեր սովորությամբ, չէիք խառնվում, մինչև «սև» գործը ի կատար կածվի:

Մաս 2. «Перелётный соловей»

«Перелётный соловей: то на сосну, то на ель».

Ռուսական առած



Հապա լսի՛ր, ժողովուրդ ջան, հայոց «перелётный», հայոց չվող սոխակի՝ ՕԵԿ-ի «бесповоротный Պավառոտիի» այս «անզուգական արիան»«Մենք, հայրենակիցներ, կողմնակից ենք Հայաստանում բազմաֆունկցիոնալ (սույն ճառի մեջ այս «բազմաֆունկցիոնալ» բառն ավելի հաճախ է հանդիպում, քան բառերի այն կապակցությունը, որին ասում են «նախադասություն», ու դա բնական է, քանզի թռչներգի մեջ՝ ի՜նչ նախադասություն) իշխանության ձևավորմանը: Քաղաքական մենիշխանությունը ծնկի է բերել մեր Հայրենիքը  (որ էդպես է, որպես էդ «ծնկի բերած Հայրենիքի» երբեմնի Անվտանգության խորհրդի քարտուղարի, հազա՜ր ամոթ ձեզ, որ թույլ տվեցիք, որ ծնկի բերեն):  Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից  (ում օրոք եղել է Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալն ու զուգահեռաբար՝ ՀՀՇ-ի անդամ),  Ռոբերտ Քոչարյանից (ում օրոք եղել է ԱԺ նախագահ),  Սերժ Սարգսյանից (ում օրոք ինքը եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար) Հայաստանում եղել է քաղաքական մենիշխանություն: Այո՛, մենք չենք ուզում, որ հիմա էլ Հայաստանում լինի Նիկոլ Փաշինյանի  (ում օրոք էլի ուզում է ինչ-որ բանի քարտուղար լինել)  քաղաքական մենիշխանությունը»:

Պատկերացնո՞ւմ եք, ինքը՝ ՀՀ ԱԺ նախագահ ահագին մարդ, ահագին ժամանակ՝ 2003-ի հունիսի 12-ից 2006-ի մայիսի 29-ը, միայն մի բան կարողացավ անել՝ «ճիշտ» ժամանակին հրաժարական տալ:
Ու այ ստեղ արդեն օգնության եկան սոխակի լավագույն հատկանիշերը՝ երգելն ու երգով հանդիսատես հավաքելը: Ճիշտ է՝ ընտրողներն «այդ երգը վաղուց էին լսել», բայց քանզի լավ էր երգում, իրեն 2008-ի փետրվարի 21-ի նախագահական ընտրություններում շռայլորեն 17 տոկոս ձայն պարգևեցին, որն ինքը տարավ ու «շռայլորեն»… Սերժին տվեց, Սերժի մենիշխանությունը սիրո՜ւն ապահովեց:
Իր ընտրողների ձայները տվեց նրանցից մեկին, ում հիմա ինքը մեղադրում է հենց իր ձեռքերով կո՜ւռ ամրապնդած այդ մենիշխանությունն ստեղծելու մեջ: Մեղադրում է նա, ով այդ մենիշխանի ու մենիշխանության Ազգային անվտանգության խորհրդի նախագահն էր հետո՝ ուղիղ վեց տարի, ու հենց ինքն էր կոչված դրա դեմն առնելուն:
Ախր դո՛ւ էիր ապահովում, որ այդ մենիշխանն իրեն ապահով զգա: Է, ձայնդ բարձրացնեիր Անվտանգության խորհրդի նիստերից մեկում ու, օգտվելով ձայնային հոյակապ տվյալներիցդ, չէ՜, չընդվզեի՜ր, գոնե դայլայլեի՜ր անուշ, բայց… դժգոհ, դժգոհությունդ մի կերպ ցո՛ւյց տայիր: 2008-ի մայիսի 4-ից 2014-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում, կրկնեմ, ուղի՛ղ վեց տարի, լինել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ու ոչինչ չկարենա՞լ անել, ոչինչ չկարենա՞լ փոխել:

Ո՛րն է պատճառը սույն անկարության:
Երկու ենթադրություն կա:
Կամ էդ մարդը չի ուզում ոչ մի բանի խառնվի, կամ էդ մարդն ունակ չէ որևէ բան փոխելու: Երկու պարագայում էլ նորից գալիս է, որ ի՞նչ անի, ինչքա՞ն կարելի է նույն երգը երգել ու մարդկանց զահլա չտանել. ամենաքաղցրաձայն սոխակն էլ լինես, մեկ է, հոգնելու, ասելու են՝ քը՜շ:


Մաս 3. Քը՜շ
Ո՞չ մեկդ չի նկատել, որ պարբերաբար իշխանության գալու հայտ ներկայացնողները թևավորների կերպարանքներ են իրենց վերագրում. անվեհեր արծիվ, «ցեղական» բազե, իմաստուն բվեճ, ճերմակ աղավնի, քաղցրալուր սոխակ, ծայրահեղ դեպքում վեցթև սերովբե կամ վեցթև քերովբե: Իսկ ընտրվելուց հետո, պարզվում է, որ իրենք սոսկ մի բանով են թևավոր հիշեցնում. նույն բանն են անում, ինչ մինչև ընտրվելը, միայն էս անգամ՝ վերևից ու հենց իրենց ընտրողների… գլխին:


Պարզվում է, որ ո՛չ արծիվ են, ո՛չ բազե, ո՛չ բու, ո՛չ աղունիկ, ո՛չ սոխակ, ո՛չ էլ վեցթև հրեշտակ. սովորակա՜ն, նո՜ւյն մահկանացուն են, իրենց նույն բնական, իսկ երբեմն էլ նորմայից ավել ու անբնակա՛ն իրենց պահանջներով, ուղղակի, քանզի հիմա վեր են տեղափոխվել, քանզի հիմա վերևում են արդեն, էդ նույն պահանջներն իրենք վերևում ու վերից վար են… հոգում:

Նման մի թևավոր էլ ՕԵԿ-ի առաջնորդն է միշտ ընտրողներին ներկայանում: Իսկ ՕԵԿ-ի ընտրողները մի անգամ չեն հարցնում, թե էդ թևավորը ո՛նց է վերևներում ճախրելիս, ուր օդ է միայն, այն էլ շատ նոսր, էդքան հարստություն դիզում, ու ինչի՛ց է դիզում: Օդի՞ց: «Օդի՛ց», -պատասխանում է ՕԵԿ-ի «թևավորը»՝ Արթուր Բաղդասարյանը:

Եւ ուստի լուսահոգի ՕԵԿ-ի թանկագին երկրպագուներ, դուք այսօր ավելի՛ թանկագին եք դարձել, քանզի հազվագյուտ եք դարձել, քանզի ձեզանից շատ քիչ է մնացել: Քիչը՝ քիչ, հազվագյուտը՝ հազվագյուտ, բայց ամեն դեպքում էլի ընտրող եք, ու ձեզ էլի պետք է, որ դուք համոզված լինեք, թե իրեն թևավոր ներկայացնող ձեր առաջնորդը իսկապե՞ս թևավոր է: Դրա համար մի շատ ընտիր միջոց կա. մի՛ անգամ, ոնց որ ասացի, մի հատ «քը՛շ» եք անում. եթե նստած տեղից էլի՛ պոկ չեկավ, էլի՛ չթռավ, ուրեմն ինքը թևավոր չէ, քանզի… թռչել չգիտի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ