Յոհաննեսբուրգում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդես է եկել հաշվետվողականության և ինքնուրույնության սկզբունքների շրջանակներում դատախազական համակարգի կառավարման հիմնախնդիրների վերաբերյալ ելույթով: Նա ողջունել և խիստ արդիական է համարել աշխարհում հանրային հաղորդակցության և քաղաքական ազդեցության տեխնոլոգիական զարգացման ներկայիս ժամանակաշրջանում դատախազական համակարգի անկախության ապահովման մարտահրավերը գլոբալ ֆորումի քննարկման առարկա դարձնելու հանգամանքը, նշել, որ ցանկացած երկրում արդյունավետ, վստահելի և լեգիտիմ արդարադատության համակարգի կայացման համար չափազանց կարևոր է քաղաքական և տարատեսակ այլ ճնշումներից, ներգործություններից դատախազական համակարգի պաշտպանվածության, քաղաքացիական վերահսկողության իրավական երաշխիքների ներդրումն ու գործադրման պայմանների ապահովումը, ընդհանրական միջազգային ստանդարտների տեղայնացումը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այս ուղղությամբ Հայաստանում վերջին մի քանի տարիներին իրականացվել են նշանակալի գործնական քայլեր: «Հայաստանում կատարված սահմանադրաիրավական բարեփոխումները կանխորոշել են դատախազության զարգացման ուղիները, իսկ 2017թ. ընդունված և այս տարվա ապրիլից ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ օրենքը ստեղծել է դատախազության համակարգային և գործառույթային անկախության, հաշվետվողականության շարունակական ամրապնդման իրավական հիմքեր, որոնք ներկայումս ստանում են գործնական կիրառություն», -ասել է նախարարը:

Մանրամասն ներկայացվել են իրականացված բարեփոխումներով Հայաստանի դատախազության հաշվետվողականության, դատախազության գործունեությանը միջամտելու անթույլատրելիության սկզբունքների իրագործման ներդրված կառուցակարգերը՝ սկսած ՀՀ գլխավոր դատախազին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու նոր ընթացակարգերից մինչև դատախազների թեկնածուներին ներկայացվող պահանջների, նրանց պաշտոնի նշանակման, պաշտոնեական առաջխաղացման, խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու առավել թափանցիկ և հստակ լուծումները, ԱԺ-ին դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդումներ ներկայացնելու օրենսդրական պահանջները: Հարավաֆրիկյան Հանրապետությունում շարունակվող համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի քանի երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ՝ քննարկելով իրավական փոխօգնության ոլորտում, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության սերտացման ուղղությունները:

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ