ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային զրույցի գաղտնալսումը մեծ ալիք բարձրացրեց։ Թե ո՞վ կարող էր նման բան անել, Վանեցյանի տարբերակով ԱԱԾ-ում դավաճաններ չկան: Նա կասկածում է, որ իրենց ձայնագրել են օլիգարխները, ովքեր մեծ միջոցների են տիրապետում և կարող էին այդ ձայնագրող սարքերը ձեռք բերած լինել: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, սակայն, վստահեցնում է՝ ինքը ոչ օլիգարխ է, ոչ զենք ունի, ոչ էլ՝ «ախրաննիկ»։ Ասում է՝ անգամ մտահոգություն չունի, որ ՀՔԾ պետն իր անունն էլ կհրապարակի:

Իր օլիգարխ լինելու կտրվածքով ինչ-որ մի տեղ Սամվել Ալեքսանյանը ճիշտ է ասում՝ ոչ վաղ անցյալում նա գանգատվել էր, որ իր երեխանեին անգամ ձվածեղով կերակրելու հնարավորություն չունի, ու մարդուն օգնած լինելու համար լրագրողներն երկու «յաչեյկա» ձու էին առել, ինչն էլ պատգամավորը խորը շնորհակալության զգացումով ընդունել էր: Նման սուղ պայմաններում ապրող մարդը որտեղից կլինի օլիգարխ, էլ ուր մնաց թե զենք ունենա: Այնպես որ՝ շրջանցեք Սամվել Ալեքսանյանին: