Թեեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, թե բոլոր մարզպետները հրաժարական են տալու, բայց արի ու տես, որ Սյունիքի մարպետ Վահե Հակոբյանը իրեն վերին արտի ցորեն է համարում: Նա մարզում հավաստիացրել է, որ Փաշինյանի թիմից իրեն ասել են՝ գնա, աշխատի, բոլոր ծրագրերդ իրականացրու:

«Ստանձնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը՝ ես և իմ թիմը բազմաթիվ կարևոր նախագծեր ենք ձեռնարկել, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ են: Հրաժարականի դիմում ներկայացնելն ու այդ ծրագրերը ավարտին չհասցնելը խոստումը դրժելու փորձ կդիտվի, իսկ դա դեմ է իմ սկզբունքներին: Կրկնում եմ՝ ինձ աշխատանքից ազատման դիմում գրելու հորդոր չի եղել, և իմ օրակարգում հրաժարականի հարց չկա»,- «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է մարզպետը:

Իհարկե, այլ մարզպետներ եւս կան, որոնք բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, ավելի լավ համբավ ունեն, քան Վահե Հակոբյանը, ով նշանակումից ի վեր սկանդալների կենտրոնում է: Սակայն եթե փաշինյանական կառավարությունը բացառություններ էր անելու, առնվազն ազնիվ կլիներ այդ մասին հայտարարել՝ ասելով, որ հաշվի առնելով ծրագրերը, ցուցանիշները, այս մարզպետները կշարունակեն պաշտոնավարել:

Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նոր վարչապետի թիմի հետ իր հարցերը լուծել է ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանի միջոցով, ում հետ երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում: