Արամ Մանուկյանի ծննդավայր Շուշիում երեկ քաղաքական գործչի գործունեությունը վերագնահատելու ու վերաարժևորելու առիթը նրա հեղինակած նամակների ժողովածուի շնորհանդեսն էր։ «Արամ Մանուկյան. նամականի» ժողովածուն, որն ամփոփում է քաղաքական ու պետական գործչի գործունեության կարևորագույն շրջանին՝ 1904-1915թթ. վերաբերող նամակները, ընթերցողի սեղանին դնելու համար լիբանանահայ պատմաբան Երվանդ Փամբուկյանը ստիպված է եղել 10 տարի օր ու գիշեր աշխատել. բարդությունը հատկապես հաճախակի օգտագործված ծածկագրերի վերծանումն էր. «Այդ տարիների ընթացքում ես մանրակրկիտ ուսումնասիրել եմ այն բոլոր թղթածրարները, որտեղ հնարավոր էր գտնել Ա. Մանուկյանի գրչին պատկանող գրություններ: Արամ Մանուկյանի առաջին նամակները թվագրված են 1904 թվականի նոյեմբերին՝ այն ժամանակ, երբ նախքան Վան անցնելը, նա ժամանակավորապես մնում էր Իրանի Ատրպատական նահանգում: Սովորաբար նրա ձեռագրերի ընթերցումը, որոնք հիմնականում պահվում էին Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական արխիվում, մասնավոր դժվարություն չի ներկայացրել: Այն ձեռագրերն են միայն եղել դժվար ընթեռնելի, որոնք խոնավության պատճառով հնացել ու խամրել էին։ Դժվարություն էին հարուցում նաև ծածկանունները, որոնք սակայն, հաջողվեց բացահայտել», -արած աշխատանքի մասին գոհունակությամբ խոսեց գրքի հեղինակը։

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն էլ, կարևորելով 1904-1915թթ Վան-Վասպուրականի ինքնապաշտպանությունն ու այդ գործում առաջնորդի դեր ստանձնած Արամ Մանուկյանի գործունեությունը, ընդգծեց. «Բավականին երկար ժամանակ հայությունը զրկված էր անկախությունից, բայց, ի դեմս Արցախի և Սյունիքի մելիքությունների՝ հյուսիս-արևելյան նահանգներում դեռևս պահպանվում էին պետականության սաղմերը: Ծնված լինելով Շուշիում՝ որպես ազգային-ազատագրական շարժման գործիչ, Ա. Մանուկյանը կարողացել է Վան-Վասպուրականում 72 օրվա ընթացքում ստեղծել պետական կառավարման համակարգ: Այդ տարիների փորձը հետագայում նա կիրառել է Ներքին գործերի նախարարությունում աշխատելու տարիներին»:

Հեղափոխության բախտորոշ ժամանակաշրջանին վերաբերող շուրջ 400 նամակների գերակշիռ մասը՝ 325-ը, անտիպ նամակներն են, որոնք լույս են տեսնում առաջին անգամ և որտեղ ներկայացված են զենք հայթայթելու և այն Հայաստան տեղափոխելու դժվարին գործի մանրամասները։ Առաջին հանրապետության հռչակման նախապատմությամբ հետաքրքրվողները ժողովածուում Արամ Մանուկյանի հետ ուս ուսի պայքարած այլ հայազգիների անուններ ևս կգտնեն, որոնք նույնպես, գրքի հեղինակի վստահեցմամբ, իրենց դերակատարումն են ունեցել Վանի ինքնապաշտպանության գործում: