Այսօր համացանցով տարածվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ու Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալումը: Որպես լրատվական միջոցի ղեկավար ես անլուրջ եմ մոտեցել դրան՝ համարելով կեղծ լրատվություն, ինչ-որ մեկի կողմից կազմակերպված, ընդ որում անհաջող կազմակերպված խաղ:

Սակայն իրողությունների զարգացումը բոլորովին այլ բան հուշեց:

Բանը հասավ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով հանդես գալուն:

Փաստորեն եղածը խաղ չէ, եղածը չափից ավելի լուրջ բան է, ու ամենայն լրջությամբ թիրախավորված է երկրի անվտանգությունը: Փաստորեն երկրում կան ուժեր, որոնք եթե ոչ հավասարի, գրեթե հավասարի իրավունքով կարող են ոտք գցել իշխանություններին, խաղալ ծառայությունների հետ, որոնք իրենք են սովորաբար խաղի կանոններ սահմանում:

Այսուհանդերձ, մենք որպես լրատվամիջոց, շարունակում ենք ստուգված լրատվության կողմնակիցը լինել, չգնալ սենսացիաների հետևից՝ փորձելով հավասարակշռության սահմաններում մնալ:

Անկախ ամեն ինչից՝ Երկիրը մերն է, մենք՝ նրա հավատավոր զինվորը:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ