Երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մերժում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու ՀՀ իրավապահների դիմումը ու նաև պարզաբանվեց դրա հիմքը, հասարակ մահկանացուներիս առաջ մի պարզ հարց ծառացավ. ՌԴ քաղաքացի հանդիսացող մարդն ինչպե՞ս էր Հայաստանում բարձրագույն զինվորական պաշտոն ստացել։ Շատերի մոտ ինքնաբերաբար ծագած այդ հարցի պատասխանը երեկ Խորհրդարանում լրագրողներից մեկը փորձեց ստանալ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից։ Թե ինչու է լրագրողը հարցն ուղղել Աշոտյանին, այլ ոչ թե, ասենք, Վիկտոր Սողոմոնյանին, հիշողության անիվը ետ պտտելու դեպքում պարզ կդառնա։ Չմոռանանք, որ 2002 թվականից իշխանության մաս էր կազմում նաև ՀՀԿ-ն, ինչը, սակայն, Աշոտյանը, ինչպես երևում է, մոռացել է ու նույն էլ փորձում է մյուսներին համոզել՝ հապճեպ պատասխանելով անցանկալի հարցին. «2008-ից առաջ Հանրապետականն իշխանություն չի եղել։ Մեր իշխանության տարիները եկեք հաշվենք այն պահից, երբ որ ՀՀԿ ղեկավարը դարձավ ՀՀ նախագահ»։

Այս պատասխանից հետո ուզում ես նորից հարց ուղղել ՀՀԿ փոխնագահին՝ իսկ «եկեք հաշվենք»-ով հարցը լուծվո՞ւմ է, թե՞ դա այն տարիներին արված համատեղ քայլերի պատասխանատվությունից խուսափելու լավագույն մեթոդն է։ Այդ տակտիկան, ի դեպ, քաղաքական դաշտում ոչ միագույն հետագիծ թողած այլ ուժեր էլ են պարբերաբար կիրառում։ Ու այնպիսի տպավորություն է, թե կոալիցիայի մաս կազմելը միայն իշխանության որոշակի լծակներ ձեռք բերելու իրավունք է տալիս, իսկ երբ գալիս է պարտականությունների հերթը, բոլորը մոռանում են, որ իշխանությունն իրար միջև կիսելու ժամանակ յուրաքանչյուրը նաև պատասխանատվության իր բաժինն է վերցրել՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար։ Էդ անտեր հիշողությունն էլ վատ բան է, ու, անկախ նրանից, թե ով կցանկանա մոռանալ անցած-գնացածը, ժողովուրդը միշտ շատ լավ հիշում է թե´ դեպքերը, թե´ դեմքերը։

Ի դեպ, վերջերս ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ՀՀԿ-ի ստորագրահավաքն էլ է տարիներ անց պատմություն դառնալու, ու մի օր էլ, հնարավոր է, դրանից հրաժարվելու կարիք տեսնեն հանրապետական գործիչները, գուցե նաև մոռանան՝ թե ինչու են ժամանակին նման «վրիպում» թույլ տվել։ Այդ դեպքում էլ նրանց հիշողությունը թարմացնողներ կլինեն, ովքեր, թեկուզ կգիտակցեն, որ հանրապետականների համար իրենց ասելիքն ականջահաճո չի լինի, բայց և կհիշեցնեն, որ այն ժամանակ էլ կոծկված արարքների կծիկը բացվելուց էին վախենում, ուստի և այլընտրանք չունեին։

Արմինե ՍԱՐՈՅԱՆ