Հա՛, հարսանքավորներին լցրած օդանավ՝ պորտապարասեր արաբական երկիր հարսանիքի աճապարելու տեղ, Երուսաղեմ էր պետք էդ «կոլեկտիվով» բոբիկ ոտներով աճապարել:
Ինչու գնայի՞ք:
Մեղքերի թողությա՛ն:
Որ մեղքերի՞:
Սկսեմ ամենաանուղղելիից:


Մաս 1. «Աստ հանգչի ՕԵԿ՝ 1998-2008»

«Եթե ես չմիանայի Սերժ Սարգսյանին, ապա զոհերն ավելի շատ կլինեին մարտի 1-ին»:

Արթուր Բաղդասարյան ՕԵԿ հիմնադիր նախագահ

Բոլորն այսօր անդրադառնում են 2008-ի մարտի 1-ին ու մարտի 2-ին:
Համաձայն եմ:
Անդրադառնալու բան է:
Ողբերգություն է:
Բայց պետք է սկսել ամսի 3-ից` փետրվարի՛ 3-ից, երբ Արթուր Բաղդասարյանը «Հայե՛ր, միացե՛ք» էր աղաղակում՝ գրպանում պահած ձեռքի մատները խաչ-փաչ անելով, քանզի, հա՛, միանալու էր, բայց… Սերժին:

Իսկ հիմա արդեն ուշ է: Երուսաղեմ գնալն անգամ հիմա չի փրկի, մանավանդ որ չեն փրկի նաև Փարիզ ու Բրյուսել ու անգամ Մոսկվա գնալը:
Ըստ այդմ՝ դիմում եմ ՕԵԿ-ի շարքային ու խաբված բոլոր անդամներին:
-Արար աշխարհն է տեղյակ, որ մարտի 1-ի նախօրեին դուք՝ ՕԵԿ-ի շարքային անդամներդ, արդեն որոշել էիք միանալ հանրահավաքի ու նստացույցի մասնակիցներին, բայց հաջորդ օրվա ողբերգությունը կանխեց այդ քայլը: Նույն արար աշխարհը տեղյակ է, որ ձեր ապրած ողբերգությունը, երբ ձեր ղեկավարն անցավ «հակառակորդի» կողմը, հոգեկան առումով ոչ պակաս ողբերգություն էր, քան այն, ինչ կատարվեց:
Այդ դեպքում ի՞նչ կա, ձեզ ի՞նչ պատահեց, մոռացա՞ք արդեն եղածն ու նորից նույն փոցխի վրա՞ եք ոտքներդ դնում:
Ախր էդ փոցխի կոթն էլի ձե՛ր ճակատին է հագնելու ու ոչ թե ձեր առաջնորդի ու առաջնորդների: Իրենց համար ի՞նչ կա. իրենք օր օրի էլի շարունակում են հարստանալ ու, հենց մի քիչ տրամադրություններն ընկավ, Փարիզ են գնալու՝ ընկած տրամադրությունը նորից բարձրացնելու: Դուք Երրորդ մասից դեն ախր ուրիշ տեղ չունեք, որ գնաք, լիցքավորվեք, գաք…

2008-ին ձեր հավաքած 17 տոկոսը 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում դարձավ 3 ամբողջ 72 հարյուրերորդական խայտառակ տոկոս:
Ո՞ւմ շնորհքն էր դա:
Նրա՛նց, ումից դուք խաբված եք եղել ուղիղ քսան տարի:
Նրա՛նց, ում շնորհիվ բոլորիդ խաբելու օրը ապրիլի 1-ից տեղափոխվեց ապրիլի 2:
Նրա՛նց, ովքեր հիմա էլ ուզում են տանել ձեզ նոր խայտառակության, քանզի ա՛յս անգամ այդ կուսակցությունն այնքա՛ն ձայն կհավաքի, որ երանի կտաք այն 3 ամբողջ 72 հարյուրերորդականին:
Հիշե՛ք, կուսակցությունը, որին ցօրս ձեզանից մնացած որոշ խլյակներ չգիտես ինչու սատարում են դեռ, արդեն քաղաքական վաղուցվա մեռել է. դրա անշուք շիրմին գրված է արդեն. «Աստ հանգչի ՕԵԿ՝ 1998-2008»:


Այո, 2008-ին ՕԵԿ-ը մեռավ: Արթուր Բաղդասարյանն ու մյուս ձեր լիդերները սպանեցին ՕԵԿ-ը: Ու հիմա մեռելապաշտությա՞մբ են դրդում ձեզ զբաղվելու,
իսկ նրանց, ովքեր սոց.ցանցերում իրենց անաչառ վերլուծությամբ հայտնի կայք են, ուզում են անվանարկել ու, իրենց արևին, դնել-«քլնգել» կամ «խամյակի» եղունգներով քչփորել: Վերջին նախազգուշացմամբ հիշեցնում եմ, որ մերը քլունգ չէ, մերը եղունգ չէ, ու մենք քլնգող ու քչփորող չենք. մերը բուլդոզեր է, ու վայն էկել-տարել է էն քչփորողին ու էն «խամյակին», ով էդ բուլդոզերի «կովշին» ռաստ կգա:

Ինչ նորից վերաբերում է էդ քչփորողներին «քսի» տվող ՕԵԿ-ի՝ «գաղափարական գծով» գաղափարազուրկ բջջին, ապա իրեն էլ ենք զգուշացնում, որ իր վերմակի չափ իր ոտները մեկնի: Հակառակ դեպքում՝ հայոց քամելեոն ՕԵԿ-ի պուճուր էդ «գլխուղեղն»  էն օրը կընկնի, որ Նուբարաշենում «գործող» հայտնի հիմնարկին երանի կտա: Ուրիշ բան չմտածեք. աղբավայրը նկատի ունեմ: Ասածս էն «կովշով» կառնենք, կտանենք, իրեն հարմար տեղ կտեղավորենք:
Հիշեցնեմ, որ սա առայժմ վերջին նախազգուշացմամբ մի անմեղ հիշեցում էր սոսկ:

Նորից անդրադառնալով սկզբին ու ամենագլխավորին՝ պարոն Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե՝ «Եթե ես չմիանայի Սերժ Սարգսյանին, ապա զոհերն ավելի շատ կլինեին մարտի 1-ին», ապա առարկենք.
-Եթե չմիանայիք Սերժ Սարգսյանին, ապա զոհ առհասարակ չէր լինի, քանզի հենց ձեր միանալը թև տվեց թևաթափ «թևավորներին»: Չմիանայիք՝ լրիվ մենակ կմնային, առանց «երամի»՝ չէին համարձակվի, էդքան հեռու չէին գնա հաստա՛տ:

Հա՛, կոալիցիան ձեր ասածի պես մարտի 21-ին ձևավորվեց, բայց, մի՞թե չգիտեք, որ ի սկզբանե միշտ էլ Բանն է: Իսկ ձեր պարագայում՝ բանն այն է, որ դուք կամ կասկածելով սպասում էիք, որ իմանաք, թե կոտորածը ինչով կավարտվի, կամ լավ էլ գիտեիք, թե ինչով կավարտվի, ու դրա համար, ձեր սովորությամբ, չէիք խառնվում, մինչև «սև» գործը ի կատար կածվի:

Շարունակելի...

                                                                                                           Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ