Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել գազի գնին: Վկայակոչելով Հայաստանի վարչապետին՝ ՏԱՍՍ-ը բառացի մեջբերել է. «Հայաստանը Ռուսաստանից գազ ստանում է շատ ցածր գնով: Բայց խնդիրն այն է, որ սպառողներն այն կրկնակի թանկ են ստանում: Նախագահ Պուտինի հետ քննարկել ենք, պետք է հասկանալ՝ ինչպես է գոյանում կրկնակի գինը… պայմանավորվել ենք պարոն Պուտինի հետ, որ համատեղ աշխատելու ենք այդ հարցի շուրջ»:

Որ Պուտինի հետ պայմանավորվել են աշխատել՝ լավ է, բայց թե Պուտինն ի՞նչ կապ ունի բուն Հայաստանում գազի գնագոյացման հետ, սա արդեն անհասկանալի է: Ստացվում է, որ գազի ներհայաստանյան գնագոյացման մեջ Ռուսաստա՞նն անմիջական մասնակցություն ունի: Սակայն դա այդպես է լինում միայն այլ երկրի տիրապետության տակ հայտնված երկների պարագայում, որոնք կենտրոնի ուղիղ ենթակայությամբ են գործում և կամ այդ նույն կենտրոնից կառավարվում են վասալների միջոցով՝ թվացյալ ինքնիշխանության պահպանմամբ:

Եթե այս երկուսից զատ այլ տարբերակ չունենք ներկայացնելու հանրությանը, կնշանակի, որ տարիներ շարունակ Սահամանդրության մակարդակով կեղծել, խաբել են ժողովրդին, իսկ եթե այս երկուսը չէ ու եղած երրոդն է՝ կազմակերպված հանցագործության տեսքով ժողովրդի նկատմամբ իրականացված թալանը, ապա այստեղ դա իրականացնողների կողմից միանգամայն այլ դայդայլներ պիտի հնչեն ու բոլորովին այլ աթոռից: