Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա 2018 թվականի հուլիսին «Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքում բացահայտված չարաշահումների մասին Քննչական կոմիտեի օրեր առաջ տարածած հաղորդագրությունը շատերի համար սառը ցնցուղ էր։

Ինչպես բանակին առնչվող ցանկացած թեմա, սա ևս չէր կարող լայն արձագանք չստանալ։ Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի անցած մարտական ուղուն քաջածանոթ մարդիկ անհավանական համարեցին այն, որ Աղաբեկյանը հիմնադրամի միջոցները վատնելու ունակ անձ է։ Մեղադրանքը, ինչպես և սպասելի էր չընդունեց նաև ինքը՝ Արթուր Աղաբեկյանը։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից մոտ մեկ ժամ անց իր ֆեյսբուքյան էջի միջոցով Աղաբեկյանը հայտնեց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Դրանից ժամեր անց արդեն ԱՀ նախկին վարչապետ, նախկին պետնախարար, ներկայումս ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը դարձյալ ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարեց, որ ինքն ու ընկերները պատրաստակամ են վճարել մեղադրանքում նշված գումարը՝ շուրջ 54 միլիոն դրամ։

«Մենք քաջատեղյակ ենք և ականատեսը «Մարտիկ» հիմնադրամի հայրենանվեր բազում ծրագրերի, որոնք իրականացվել են Արցախում՝ հանուն Արցախի պաշտպանության և անվտանգության, հանուն հայ զինվորի մարտունակության և ազատամարտիկի արժանապատվության։ Միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ Արթուր Աղաբեկյանը չի ընդունել մեղադրանքը՝ մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը՝ վստահ լինելով, որ «Մարտիկ» հիմնադրամը այսուհետ ևս գործելու է հանուն Արցախի անվտանգության և հայ զինվորի ու սահմանապահի մարտունակության», -իր էջում գրել էր Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ դա անում են հիմնադրամի բնականոն կենսագործունեությանն աջակցելու նպատակով, իսկ դատարանը թող վերջնական որոշում կայացնի մեղադրանքի վերաբերյալ։

Արձագանքների մյուս ուղղության կրողները հակված էին ավելի շատ հավատալու Քննչականի բերած փաստերին, քան հարուստ մարտական ուղի անցած Աղաբեկյանի ազնվությանը։ Ի վերջո, միշտ չէ, որ մարտական փորձառությունը ապահովագրում է մարդուն հետագայում սխալներ գործելուց, ու թե Աղաբեկյանի դեպքում որ նժարն էր առավել ծանր, ավելի ճիշտ կլինի ենթադրություններ չանենք, այլ սպասենք նախաքննության ավարտին։

Մի կողմ թողնելով գործի՝ մեր իրավասության տակ չգտնվող մասը, անդրադառնանք այն հարցերին, որոնք, անկասկած, բազմաթիվ մարդկանց մոտ կլինեն ծագած։ Նախ՝ ինչպե՞ս ստացվեց, որ Արայիկ Հարությունյանը Քննչականի հաղորդագրությունից ժամեր անց որոշեց Աղաբեկյանին օգնելու համար 54 միլիոն դրամ վճարել (որքան էլ որ հայտարարի, որ հիմնադրամի անխափան գործունեության համար է վճարում, ըստ էության, օգնության ձեռք է մեկնում Աղաբեկյանին):

Չմոռանանք նաև, որ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցությունն ու Դաշնակցությունն այդքան էլ եղբայրական հարաբերությունների մեջ չեն, իսկ, ինչպես գիտենք, Աղաբեկյանը դաշնակցական է։ Այստեղ ևս պատճառահետևանքային կապ գտնել, կարծես, չի ստացվում, իսկ մտածել, որ ժամանակին իր տեղակալը լինելու համար է Հարությունյանը վճարում այդ գումարը, անմտություն կլիներ։

Ինչևէ, վճարում է, թող վճարի, բայց որտեղի՞ց է այդքան գումարը վճարելու Հարությունյանը, չէ՞ որ 54 միլիոն դրամը քիչ գումար չէ։ Ի դեպ, ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշիվ մուտքագրված հանգանակված գումարների մասին տեղեկանքում, որը ցույց է տալիս, թե ապրիլյան պատերազմից հետո, ավելի կոնկրետ՝ 2016թ. ապրիլի 12-ի դրությամբ ով որքան գումար է փոխանցել Արցախին, նշված է, որ ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը՝ ԼՂՀ փոխվարչապետ Ա. Աղաբեկյանի և ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լ. Գրիգորյանի հետ միասին նվիրաբերել են 1,785,060 դրամ։ Այստեղից մի պարզ հետևություն է բխում. եթե բանակի համար այն ծանր օրերին այդքան գումար նվիրաբերելով էլ կարելի էր յոլա գնալ, իսկ հիմա, երբ խոսքը բանակի հետ կապ ունեցող հիմնադրամի ու նրա ղեկավարի պատվի մասին է, 54 միլիոնը կարելի է առանց երկար-բարակ մտածելու հանել ու տալ։

Թե քաղաքական ինչ ենթատեքստ ունի այս քայլը, հետո կերևա, բայց դա էլ մի կողմ թողնենք ու ավելի մտահոգիչ ու գլոբալ խնդրին անցնենք։ Յուրացումներ կատարած անձանց յուրացված գումարը վերադարձնելու դիմաց պատասխանատվությունից ազատելու վերջերս որդեգրված պրակտիան անցանկալի նախադեպեր կարող է ծնել, որը, կարծես, անտեսվում է իշխանության կողմից։ Որտեղի՞ց երաշխիք, որ չեն լինելու մարդիկ, ովքեր, ունենալով օրենքով իրենց չպատկանածը յուրացնելու հնարավորություն, չեն օգտվելու այդ հնարավորությունից՝ մտածելով՝ չեն բռնվի, շատ լավ, կբռնվեն, հոգ չէ, յուրացրածը հետ կվերադարձնեն ու կշարունակեն իրենց համար ազատ ապրել։

Գուցե արժե՞ այս մասին լրջորեն մտորել:

Henq.am