Սեպտեմբերի 4-ին Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսային համալիրի 2-րդ հարկի ցուցասրահում բացվեց գեղանկարիչ Ֆաենբերգ Սարգսյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Այն հոբելյանական է, լրացել է նկարչի 70-ամյակը: Ֆաենբերգը խստորեն գունեղ և կառուցիկ կերպարվեստագետ է, որի կտավները միանգամայն արժանի են խորը դիտման և վերլուծության: Սակայն ավելի տեղին է մեջբերենք ճանաչված հայ արվեստաբաններից երկուսի խոսքը նրա մասին:

Սարո Սարուխանյան «Սարգսյանի հոգևոր կատարսիսը իրականցվում է բնական ձևերի վերաիմաստավորմամբ: Ըստ էության, այն նյութից դեպի գաղափարը տանող ճանապարհին է, որտեղից սկիզբ է առնում նկարչին հատուկ դրաման՝ բնության իրական, տեսանելի ձևերում բացահայտել նրանց ներքին էությունը: Այսպիսով, նրա կտավները անձնական խորը ապրումների արտացոլումներ են, որտեղ գույնը, ծավալը համարձակ և զորեղ վրձնահարվածները՝ հեռու ավելորդ էսթետիզմից, զարմանալի զորությամբ բացում են կյանքի և բնության վերժամանակյա խորհուրդը»:

Հրավարդ Հակոբյան «Արվեստի համար ծնված մարդու ճակատագիրը, վաղ թե ուշ նրան տանում է անհատականության՝ եզակի արժանիք, որին այսօր շատերն են ձգտում՝ դիմելով ամեն տեսակ ‹‹գեղարվեստական›› հնարքների: Կյանքը, սակայն, իր օրինաչափ ընտրությունը կատարում է: Քչերին է հաջողվում մնալ անհատականության տեր: Ֆաենբերգ Սարգսյանն այդ քչերից է, որին հասել է աստվածատուր շնորքի և անդադրում փնտրումների արդյունքում»: