Արդեն հայտնի է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման օրը։ Հանդիպումը կկայանա մոտակա օրերս՝ սեպտեմբերի 8-ին։ Այս լուրը հաստատվել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կողմից։

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա առաջին հայ-ռուսական բարձրագույն մակարդակով բանակցություններն են, որը, հնարավոր է, կցրի վերջին մի քանի շաբաթների նկատվող երկկողմանի լարվածությունը։ Ակնհայտ է, որ ռուսական կողմն ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի՝ երկրում իրականացվող ձերբակալությունների վերաբերյալ պարզաբանումները․

«Կարծում եմ, որ մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում իր երկրի իրադրության զարգացման հեռանկարները», -օրեր առաջ, ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Հանդիպումից առաջ նման հայտարարությունը կարող է միայն նշանակել, որ Հայաստանում տեղի ունեցող ոչ բոլոր գործընթացներն են հավանության արժանանում ՌԴ կառավարության կողմից, որի մասին հստակ ակնարկում է Լավրովը։ Եվ միայն լավ հիմնավորված և «Սահմանադրության ամուր հիմքերի վրա հենված փաստերը» կարող են արդարացնել Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Ինչպիսի հանգուցալուծում կստանա հանդիպումը, դժվար է ասել, քանի որ օրակարգում քննարկվող հարցերի մասին անորոշ պատասխաններ տվեց այսօր Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս, ինչպես միշտ, չխուսափեց լրագրողների հետ շփվելուց, սակայն նկատելի սակավախոս էր և չմանրամասնեց սպասվող հանդիպման օրակարգը։ Ամեն դեպքում, միանշանակ է, որ հայկական կողմն էլ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին լուրերը հստակեցնելու խիստ կարիք ունի։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ