2002թ․ստեղծված «Մարտիկ» հիմնադրամի նպատակների մասին համացանցում գտնում ենք հետևյալը՝ հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանի հզորացմանը, պաշտպանության և ազգային անվտանգության ամրապնդմանը։
Այդ նույն հիմնադրամի խնդիրների մասին ասվում է հետևյալը՝
-ռազմական գիտության զարգացման և զինվորական կադրերի պատրաստման գործին ցուցաբերել օժանդակություն,
-հիմնել կրթաթոշակներ շնորհալի ուսանողների համար։
Եվ վերջում՝ «Մարտիկին» անդամակցել կարող է յուրաքանչյուր հայ, ով ընդունում է վերջինիս կանոնադրությունը, նպատակներն ու խնդիրները և, ամենակարևորը, ունի հիմնադրամին մուծած վճարի (100 ԱՄՆ դոլար) կտրոն։ Մուտքի վճարի գումարն անձեռնմխելի է և կարող է օգտագործվել միայն Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանությանը սպառնացող վտանգի դեպքում։
Մայր գումարից ստացված տոկոսները, համաձայն հիմնադրամի ստեղծման պատճառների, պետք է ուղղվեին «Մարտիկի» կանոնադրական խնդիրների կատարմանը։

Փաստորեն «Մարտիկն» արդեն 16 տարվա հետագիծ ունի ու միայն վերջերս՝ պատահականության բերումով և Անահիտ Բախշյանի «թեթև» միջամտությամբ, հասարակության լայն զանգվածները տեղեկացան այս՝ ի սկզբանե հրաշալի գաղափարներ իրականացնելու համար ստեղծված հիմնադրամի մասին։ Այն էլ ոչ թե իրագործած մեծածավալ բարեգործական ծրագրերից, ոչ թե փայլուն կրթություն ստացած սպաների շնորհիվ, այլ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի դեմ հարուցված քրեական գործից։

Պարզվում է, որ 2012-2016թթ․ընթացքում առանձնապես խոշոր չափերի գումարներ են ուղղվել տարբեր անձանց համար ռեստորաններում և հյուրանոցներում հյուրասիրություններ կազմակերպելու, հիմնադրամի հետ առնչություն չունեցող տրանսպորտային միջոցների համար պրեմիում տեսակի բենզին ձեռք բերելու, տարբեր անձանց թանկարժեք նվերներ մատուցելու համար։ Նշված ժամանակահատվածում հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ է հանդիսացել Արթուր Աղաբեկյանը, ով ունեցել է հիմնադրամի աշխատակազմի գործունեությունն անմիջականորեն ղեկավարելու իրավասություն և փաստացի միանձնյա տնօրինել է հիմնադրամի գույքը։

«Հայրենանվեր» գործունեության հերթական բացահայտում, որ հերթական անգամ հաստատում է՝ ազգ-բանակ կոնցեպտը ոմանց համար եղել է միայն արտաքին ֆասադ և ծառայել է բացառապես մի խումբ պսևդո հայրենասերների ագահությանը հագուրդ տալու համար։ Եվ արդյունքում, նախնական հաշվարկներով, հիմնադրամից վատման եղանակով հափշտակվել է 54․083․860 մլն ՀՀ դրամ։

Միգուցե, այս վերջին տհաճ իրադարձություններն են ստիպել Արթուր Աղաբեկյանին ակտիվորեն գրառումներ կատարել Facebook-յան իր էջում՝ անդրադառնալով հիմնադրամի շուրջ ծավալված իրադարձություններին։ Քանի որ հիմնադրամի պաշտոնական էջում լավ գործերի մասին լուսաբանում-գրառումներ շատ քիչ կգտնեք՝ մի քանի դասասենյակների կահավորում և մեկ վիրավոր զինվորի՝ Ալբերտ Դալլաքյանի հաշվեհամարին փոխանցված 500.000 ՀՀ դրամ։ 16 տարվա գործունեության համար, խոստովանեք, քիչ է, անգամ շատ քիչ է, հատկապես եթե հաշվի առնենք ապրիլյան քառօրյան, որի մասին մի երկու համեստ ու ոչինչ չասող հիշատակումներ են արված։

Իհարկե, Աղաբեկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, սակայն պատրաստակամ է գործակցել քննության հետ և ապացուցել իր անմեղությունը․«Ինձ մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի խնդիրների և ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։ Մեծ պատրաստակամությամբ, այս օրերին համագործակցել եմ վարույթն իրականացնող մարմնի հետ։ Մանրամասն պատասխանել եմ բոլոր հարցադրումներին՝ համարելով, որ երբեք առիթ չեմ ունեցել հանգամանորեն ներկայացնելու «Մարտիկ» հիմնադրամի իրականացրած մի քանի հարյուրի հասնող հայրենանվեր ծրագրերը»։

Առիթ չի ընձեռվել, թե հարկ չի համարել որևէ մեկին հաշվետու լինել, դա դեռ հարց է։ Կամ էլ՝ ասելու և ներկայացնելու բան չի ունեցել։ Այնուհետև Արթուր Աղաբեկյանը ներկայացրել է հիմնադրամի ֆինանսական կողմի մասին թվային տվյալներ․«Ի գիտություն բոլոր անհանգստացողներին՝ հիմնադրամի հաշվին առկա է 1.241․000 ԱՄՆ դոլար անձեռնմխելի գումար, որը ձևավորվել է 8200 փաստացի մասնակցի ներդրումից (յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Մարտիկ» հիմնադրամին) և 421․000 ԱՄՆ դոլար բանկային տոկոսներից, որը հոգեբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան ազատամարտում զոհված 4210 ազատամարտիկների անունից նվիրաբերվել է հիմնադրամի հաշվին և համալրվել է անձեռնմխելի գումարը»։

Եվ իրոք, թվերը բավական տպավորիչ են, և, միանշանակ, մտահոգիչ։ Պարզաբանեմ միտքս՝ «Մարտիկ» անվանումը հստակեցնում է, որ հիմնադրամը ստեղծված է բանակին, զինվորին, ազատամարտիկին աջակցություն ցուցաբերելու համար։ Ուստի բանական մարդու մոտ շատ պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք ազգովի դրամահավաք անում կամ Սփյուռքից գումար մուրում Ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորների բուժման ծախսերը

հոգալու համար, մեծարգո Աղաբեկյան։ Ինչո՞ւ է հայրենիքի սահմանները պաշտպանած և հաշմանդամություն ստացած զինծառայողը վճարում ամենամսյա անհրաժեշտ դեղորայքի աստղաբաշխական գումարները։ Հիմնադրամի կողմից իրականացված այդ «հարյուրավոր» ծրագրերում հնարավոր չէ՞ ավելացնել այս զինվորների բուժման ծախսերի գոնե մի մասը, որ ստիպված են անսալու այս կամ այն բարի մարդու մեծահոգությանը։ Պարզից էլ պարզ է, որ ձեր տնօրինության տակ գտնվող ֆինանսական ռեսուրսները կարող էին էականորեն մեղմել այդ զինվորների ցավերը։

Ձեր կանոնադրությունը հստակեցնում է, որ հիմնադրամին մուծված գումարներն անձեռնմխելի են և կարող են օգտագործվել միայն Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանությանը սպառնացող վտանգի դեպքում։ Փաստորեն ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ մեր անվտանգությունը միշտ էլ սպառնալիքի տակ է եղել, պարզապես դա ոչ ոքի չի հետաքրքրել․․․Իսկ եթե հասարակությունն անտեղյակ է ձեր հայրենանպաստ գործունեության շրջանակներից, ապա ձեր ամենօրյա գրառումներում մի զլացեք և լուսաբանեք նաև այս հարցը։ Համոզված եմ՝ ձեր կողմից մատնանշված հիստերիկ և քենով լի մեկնաբանությունները, միանգամից, կվերափոխվեն դեպի լավը։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ