Ամեն մեկս ունենք մեր կյանքի նվիրական գաղտնիքը. անակնկալ հայացքից ծնված առաջին սերը, առաջին համբույրը, ինքդ քեզանից թաքուն արված առաջին խոստովանությունը, հրաժեշտի վերջին տանջալից բառերը, որոնք այնպես անսպասելի փոխում են մեր կյանքի ընթացքը:
Ամեն մեկիս կենսագրությունը հյուսված է ինտիմ պահերի դիպվածից, որոնք, շատ հաճախ, այդպես էլ չեն բարձրաձայնվում ու աղոթքի պես նստած են մեր ներսում: Սակայն լինում է եւ այնպես, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի պահ, գուցեեւ աստվածային նախախնամությամբ, աղոթքն այդ դուրս է պրծնում մեր հոգու ծալքերից` վերածվելով երգի կամ բանաստեղծության:
Արդ այն մասին, թե ինչու ասվեց այս ամենը: Մենք նախաձեռնում ենք գեղեցիկ դիպվածների շարքի հրապարակում ու ակնկալում, որ ընթերցողները, եթե ունեն նման պատմություն, ցանկության դեպքում կարող են կիսվել կայքի հետ: Անհրաժեշտության դեպքում մենք կպահպանենք պատմության հեղինակի գաղտնիությունը: 
Հավելենք, որ սա «Այն, թե ինչպիսին կլինես այս երեկո»-ից հետո երկրորդ պատմությունն է:

                                                                                                                                              Henq.am


Աշխարհահռչակ հույն երգիչ Դեմիս Ռուսոսի հարուստ երգացանկում կա մի երգ, որն առանձնահատուկ է կանգնած: Խոսքը վերաբերում է «Good by, my love, good by» («Մնաս բարով սեր իմ, մնաս բարով»)  երգին, որի կողքից տարիներն անցնում են աննկատ` այդպես էլ անկարող խաթարելու նրա հմայքը, թողած ազդեցությունը: 
Ինչո՞ւմ է իր ասելիքի մեջ չափազանց զգացմունքային, նուրբ մեղեդայնությամբ առանձնացող այս երգի անվերջանալիության գաղտնիքը, ո՞ւմ է ձոնված այն, ո՞վ է նրա հասցեատերը, այդ ո՞ւմ է երգիչն այդպես կարոտած շշնջում հրաժեշտի «մնաս բարով»-ի խոսքերը, որը բոլոր նրանցն է, ով ապրել է կորստի այդ ցավը ճիշտ այնպես, ինչպես որ բոլորինս է սիրո ու կարոտի բերած քաղցր տառապանքը: 

Սակայն մինչեւ երգի ծննդյան պատմությանն անցնելը, արժե մի երկու խոսքով  անդրադառնալ երգչի կենսագրականի մի մանրամասնի, որն իր թավ հետքն է թողել նրա հետագա ուղու վրա եւ շատ բաներով պայմանավորել ինչպես ստեղծագորական, այնպես էլ անձնական կյանքի ելեւէջները, վերջնահաշվում նաեւ «Good by, my love, good by» երգի ծնունդը:

Անապահով մանկությունը վաղ տարիքից է նրա կյանքում ասել իր խոսքը: Չորս տարեկանում փոքրիկը վնասում է ձայնալարերը` հետագայում բառի բուն իմաստով երախտապարտ մնալով ճակատագրական այս դիպվածին, որն «ապահովեց» նրա ձայնի եզակիությունը: Բանն այն է, որ  նշանակված սխալ բուժման հետեւանքով ձայնալարերը փոքր-ինչ սերտաճեցին` ձայնին հաղորդելով յուրօրինակ տեմբրայնություն: Ճիշտ է, դա հետագայում տեղիք տվեց բազմաթիվ ասեկոսեների: Երգչի չարակամները նրա նաեւ լքված սերերի ձայնով (ու մատուցմամբ), ստի ձնագնդին այն աստճան գլորեցին, որ նույնիսկ փաստված կյանքի իրավունք ստացավ Ռուսոսի... ամորձատված լինելը, եւ որ իբր թե ձայնի յուրօրինակության համար երգիչը պարտական է այդ եղելությանը:



Սա բացահայտ կեղծիք էր, եւ ստին Ռուսոսը հակադարձեց ոչ միայն բազմաթիվ սիրային արկածներով, այլեւ եռակի ամուսնությամբ, դրանցից ծնունդ առած երեխաների լույս աշխարհ գալով:  Ռուսոսը, ով ունեցել է երեք ամուսնություն, հավաստում է, որ դրանք բոլորն էլ եղել են խելահեղ սիրահարվածության արդյունք, սակայն նրանցից երգիչն առանձնակի քնքշությամբ է հիշում հատկապես առաջինին` ֆրանսուհի Դոմինիկին, ով իսկապես բացառիկ դեր է ունեցել նրա կյանքում: Երգիչը խոստովանում է, որ հենց Դոմինիկն է եղել այն եզակի մարգարիտը, ով իրեն պատասխանել է ոչ միայն անմնացորդ սիրով, այլեւ ուսուցիչ է եղել բազմաթիվ հարցերում` ստեղծագործականից մինչեւ կենցաղային: Այդ Դոմինի՛կն է ստեղծագործելու ոգեշնչման անսպառ աղբյուր եղել նրա համար, նպաստել ստեղծագործական ու մարդկային կերպարի ամբողջացմանը: Ֆրանսիացի փխրուն աղջիկն է  հույն երիտասարդին սովորեցրել կենցաղային վարվեցողության կանոններ, մարդկանց հետ հաղորդակցվելու կուլտուրա, ինչ եւ ինչպես հագնվել, ինչպես համադրել հանդերձի գույները, ինչպես օգտվել սպասքեղենից...

Իր նվիրական սիրուց բաժանվելու պատճառն եղել է երգչի երիտասարդական խենթությունները, սիրային բազմաթիվ արկածները, որոնք էլ վերջնականապես հատել են Դոմինիկի համբերությունը: Երգիչը տարիներ շարունակ փորձել է վերականգնել խզված կապերը, սակայն սիրո, հավատարմության, ընտանեկան մահճի սրբության մասին կայուն համոզմունքներ ունեցող աղջիկն իր վճռի մեջ եղել է աներեր: Հուսահատ ու կորցրած սիրո գիշերներից մեկում էլ ծնվել է «Good by, my love, good by» երգը` կարոտի, անհույս վերադարձի, անափ զղջման աղոթքը` բացառիկ նուրբ ու քնարական, բացառիկ հոգեթով ու ջերմ: Այդ իսկ պատճառով` երբեք չծերացող ու այնքան հասկանալի բոլորիս:
Որ տարիքում էլ լինի:

                                                                                                    Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ