Ֆրանսիան Ռուսաստանին լավ օրինակ չի համարում, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, սակայն առանց Ռուսաստանի էլ Եվրոպայում զարգացում չի տեսնում։

Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ռուսաստանի հետ քննարկումներն անհրաժեշտ են անվտանգության հարցերի շուրջ նոր մոտեցումներ ձևակերպելու համար։ Շվեդական SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում նա շեշտել է, որ հարգում է Ռուսաստանի նախագահին, սակայն Վլադիմիր Պուտինի երազանքը «Եվրամիության ապամոնտաժումն է»։

«Ես շփվում եմ Պուտինի հետ և հարգում եմ նրան, բայց Ռուսաստանն օրինակ չէ մարդու իրավունքների տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը չի կարող օրինակ ծառայել շվեդների համար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարիզում Ֆրանսիայի արտասահմանյան դեսպանների ներկայությամբ Մակրոնը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման «անհնար է երկարաժամկետ նախադրյալներով կառուցել և զարգացնել Եվրոպան»։