Ամեն մեկս ունենք մեր կյանքի նվիրական գաղտնիքը. անակնկալ հայացքից ծնված առաջին սերը, առաջին համբույրը, ինքդ քեզանից թաքուն արված առաջին խոստովանությունը, հրաժեշտի վերջին տանջալից բառերը, որոնք այնպես անսպասելի փոխում են մեր կյանքի ընթացքը:
Ամեն մեկիս կենսագրությունը հյուսված է ինտիմ պահերի դիպվածից, որոնք, շատ հաճախ, այդպես էլ չեն բարձրաձայնվում ու աղոթքի պես նստած են մեր ներսում: Սակայն լինում է եւ այնպես, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի պահ, գուցեեւ աստվածային նախախնամությամբ, աղոթքն այդ դուրս է պրծնում մեր հոգու ծալքերից` վերածվելով երգի կամ բանաստեղծության:
Արդ այն մասին, թե ինչու ասվեց այս ամենը: Մենք նախաձեռնում ենք գեղեցիկ դիպվածների շարքի հրապարակում ու ակնկալում, որ ընթերցողները, եթե ունեն նման պատմություն, ցանկության դեպքում կարող են կիսվել կայքի հետ: Անհրաժեշտության դեպքում մենք կպահպանենք պատմության հեղինակի գաղտնիությունը:
                                                                                                                                              Henq.am

Երբ ամերիկյան հանրահայտ երգիչ Թոնի Բենեթը 1977-ի սեպտեմբերի 30-ին հյուստոնյան իր փառահեղ համերգից հետո 224-րդ չվերթով տուն էր վերադառնում, ինքնաթիռի մեջ տեսավ դառնաղի հեկեկացող մի աղջնակի:



Աղջիկն այնքան անամոք էր իր վշտի մեջ, այնքան անպաշտպան ու միայնակ, որ երգիչը պարզապես անկարող եղավ անտարբեր մնալ նրա ցավի նկատմամբ: Կարեկցանքը, դիմացինին ինչ-որ բանով աջակցելու պատրաստակամությունը, նրան նրբորեն զրույցի մեջ ներքաշելու Թոնիի ունակությունն ու առաջարկված մեկ բաժակ վիսկին շուտով բացեցին զրուցակցի հոգու ծալքերը:

Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ աղջնակը կինոյի աշխարհում իր առաջին քայլերն անող մեկն է, ում հաջողվել է աննկատ չմնալ հոլիվուդյան գործակալների կողմից, ով հասցրել է ճաշակել ճանաչված լինելու բերկրանքը, առաջին հարցազրույցներ տալու հաճույքը, եւ բոլորովին նոր, ընդամենը թռիչքից առաջ ապրել սիրած մարդու կողմից լքված լինելու ողբերգությունը:
Կյանքում մեկ անգամ նման պատմություններ չապրած ու չլսած Բենեթին խորապես ցնցեց Մեգիի` Մեգի Ռայանի, վիշտը (այդպես էր աղջկա անունը): Չգտնելով սփոփող ավելի հարմար բան` Թոնին հայրաբար գրկեց փոքրիկ աղջկան ու շշնջաց նրա ականջին.





-Փոքրիկս, հավատա, ամեն մի տղամարդ չէ, որ արժանի է քո այս հեղվող արցունքներին: Իմացիր դրանց գինն ու պահպանիր դրանք քո կյանքի գլխավոր տղամարդու համար` նրա, ով կիմանա քո ճշմարիտ արժեքը: Եւ հետո` սա ի՞նչ երեխայություն է. դու դերասան ես ու պարտավոր ես կառավարել քո հույզերը: Ուրեմն` պայմանավորվում ենք` օդանավակայանում, երբ դու շարժասանդուղքով կիջնես ինձ հետ, ոչ ոք չպիտի տեսնի քո կարմրած քթիկն ու արցունքներից ուռած աչքերը: Թող քեզ տեսնեն երջանկությունից արբած, ուրախ, սեքսուալ, բայց ոչ երբեք լացակումած: Եւ էլի մի կարեւոր բան. հիշիր ամբողջ կյանքիդ համար` կնոջ համար գլխավորն այն է, թե ինչպիսին կլինի նա այս երեկո:

Բենեթը տուն վերադարձավ հուզված:
Ինքնաթիռի աղջիկն իր լուսե մաքրության ու անփարատ տխրության մեջ նրա մտապատկերում էր որպես անջնջելի ներկայություն, եւ երգիչը հանգիստ չառավ այնքան ժամանակ` մինչեւ որ նույն օրը ծնունդ չառավ «Այն, թե ինչպիսին կլինես այս երեկո» երգը, որը, շնորհիվ իր բացառիկ զգացմունքայնության ու նուրբ մեղեդայնության, ակնթարթորեն դարձավ հիթային ու բառացիորեն հաջորդ օրվանից բոլորի շուրթերին էր:

Դիպվածը նրանց մեկ էլ հանդիպեցրեց տասնվեց տարի անց:



Դա կինոյի պատմության մեջ ամենախոշոր ու ամենահեղինակավոր մրցանակաբաշխության` «Օսկարի» ժամանակ էր, որին Բենեթը հրավիրված էր որպես պատվավոր հյուր, իսկ Մեգ Ռայանը ոսկե արձանիկի հնարավոր թեկնածուներից մեկն էր «Անքունները Սիեթլում» կինոնկարում ունեցած դերի համար: Բեմ ելած երգչի հայացքը դահլիճում պատահաբար հանդիպեց հինգերորդ շարքում նստած Ռայանին: Մինչ Մեգին այդպես էլ չէր հավատում, որ Բենեթը կճանաչի տարիներ առաջ տեսած իր անծանոթին, երգիչն արդեն պատմում էր, թե ինչպես, ինչ պայմաններում է հանդիպել արդեն հանրաճանաչ դարձած աղջկան եւ ինչպես է ծնվել «Այն, թե ինչպիսին կլինես այս երեկո» երգը` չմոռանալով ավելացնել, որ այն ձոնում է նրան:

Ինչպեսեւ տասնվեց տարի առաջ, Մեգին դարձյալ արտասվում էր, սակայն նրա այտերից թափվող արցունքներն արդեն ուրիշ զգացումի արցունքներ էին: Ճիշտ է, այդ երեկո նա չստացավ «Օսկար», սակայն Թոնի Բենեթի նվերը պակաս արժեքավոր չէր: Չպետք է մոռանալ, որ դա համաշխարհային երգարվեստի հսկաներից մեկի` Թոնի Բենեթի նվերն էր, նվեր, որին իսկապես կնախանձեր յուրաքանչյուր մարդ: 

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ