Հարցազրույցը ներկայացնելուց 
առաջ մուտքի անհրաժեշտ խոսք

Մի երկու տարի առաջ Ցեղասպանության թանգարանում աշխատող իմ շատ մտերիմ համակուրսեցու առաջարկով այցելեցի նույն թագարանը: Տպավորիչ էր, բայց ինձ զարմացրեց, որ այնտեղ ոչ մի խոսք եւ ոչ մի բառ չգտա Վոլֆգանգ Գուստի մասին, ով առաջինն էր, որ իր տքնաջան աշխատանքի շնորհիվ բացեց Գերմանիայի արտգործնախարարության արխիվները եւ ցեղասպանությանը վերաբերող փաստերը ուսումնասիրելով՝ տպագրեց մի հաստափոր գիրք վերծանած փաստերով:

Գուստի բացակայությունը թանգարանում ինձ, իհարկե, շատ զարմացրեց, իսկ ուղեկցող աշխատակցուհու հարցն առ ինձ, թե ո՞վ է այդ մարդը, ավելի զարմացրեց: Հետաքրքիրն այն էր, որ ընկերուհիս էլ առաջին անգամ էր լսում Գուստի անունը…

Ինչեւէ, թանգարանի տնօրեն (այժմ՝ արդեն նախկին) Դեմոյանի հետ ծանոթանալու առաջարկն այնքան էլ սրտովս չէր, բայց չուզեցա մերժել ընկերուհուս: Դեմոյանը տեղում չէր եւ մենք տեղակալի՝ Սուրեն անունով (ազգանունը չեմ հիշում) երիտասարդին հանդիպեցինք: Ծանոթացանք, գոհունակությունս հայտնեցի թանգարանի վերաբերյալ, բայց նաեւ շատ քաղաքավարի հարցրեցի Գուստի մասին: Հարցս այնպես զայրացրեց այդ տեղակալին, կարծես հայհոյել էի իր յոթը պորտին: Թե նա ինչպես գոռաց ու սկսեց նախատել ինձ՝ ապշեցրեց թե՛ ինձ, թե՛ ընկերուհուս: Իրավիճակը լիցքաթափելու մտադրմամբ տվածս հարցը, թե գուցե Գուստի ուսումնասիրություններում հայտնաբերվել է նաեւ ռուսական կայսրության մեղքը ցեղասպանության հարցում եւ կայսրության հետ լավ հարաբերությունները չփչացնելու համար են Գուստի անունը թանգարանից ջնջել, գիրքն էլ՝ թաքցրել, պաշտոնյան ցավագինընդունեց ու մեր «բարեկամական» ծանոթությունը ավարտվեց մեծ տհաճությամբ:



Այժմ ուզում եմ եթե ոչ պարոն Դեմոյանին, ապա գոնե նրան փոխարինողին նույն հարցը տալ, թե ինչո՞ւ Վոլֆգանգ Գուստը արգելվեց թանգարանում կամ եթե Գերմանիայի կանցլեր Անջելա Մերկելը նույն հարցով դիմի պարոն Դեմոյանին ի՞նչ պատասխանի կարժանանա… Ի դեպ, Գուստի ուսումնասիրությունները մեծ նշանակություն ունեցան Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հարցում, նա այդ օրը ներկա էր Բունդեսթագում եւ շատ լավ բարեկամներ են տիկին կանցլերի հետ: Գուցե նոր Հայաստանում թանգարանի ղեկավարությունը համարձակություն կունենա հանել հայ ժողովրդի լավ բարեկամ եւ ցեղասպանագետ Վոլֆգանգ Գուստի վրա դրված արգելքը:

Օգտվելով նրանից, որ Henq.am-ի խմբագիրն իմ համակուրսեցին ու լավ բարեկամն է, նյութը սիրով տրամադրում եմ կայքին:

Մարտի 24-ից 26-ը Դյուսբուրգի (Գերմանիա) Վոլֆսբուրգ Կաթոլիկ Ակադեմիայի կողմից կազմակերպած` Հայերի Ցեղասպանության հիշատակին նվիրված կոնֆերանսին մասնակցում էր նաև հրապարակախոս, լրագրող, պատմաբան, գրող Վոլֆգանգ Գուստը, որի ծառայությունը հայ ժողովրդին մեծ հարգանքի ու շատ բարձր գնահատականի է արժանի: Ստորեւ ներկայացնում եմ ճեպազրույցի ընթացքում նրա հետ ունեցած զրույցը, կան նաև մեջբերումներ Դորիս Շեֆեր-Նոսկեի Գուստի հետ ունեցած հարցազրույցից: Վոլֆգանգ Գուստը ծնվել է 1935 թվին Հանովեր (Գերմանիա) քաղաքում, ուսանել է (հռոմեագիտություն) Ֆրանկֆուրտում, Բոննում, այնուհետեւ Տուլուզում (Ֆրանսիա), շարունակելով ուսումը Համբուրգում` ստացել է տնտեսագիտության, ձեռնարկագիտության որակավորում:  1965-ին աշխատել է տնտեսագիտության բնագավառում, հետո տեղափոխվում է աշխատանքի Գերմանիայում ամենահայտնի ամսագրերից («Շպիգել») մեկում` որպես արտասահմանյան բաժնի գլխավոր խմբագիր: 1970-1977թթ. նույն բաժինը վարել է Փարիզում: Այնտեղ եղած ժամանակ էլ ավելի լավ ծանոթանալով հայկական հարցին, երկար ժամանակ զբաղվել է Արցախի եւ հայերի ցեղասպանության հարցերով: 1993թ. -ից, որպես ազատ հրատարակիչ եւ հեղինակ, հրատարակել է բազմաթիվ փաստագրական աշխատություններ, հոդվածներ, նամակներ, գրքեր հայերի ցեղասպանության վերաբերյալ, որոնք գրված են հայկական հարցին վերաբերող Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվներում պահված փաստերի ու ակտերի հիման վրա:

Երկար տարիների համառ, քրտնաջան ու անհավատալի դժվար աշխատանքի արդյունքը եղավ 2005-ին Մեծ Եղեռնի 90- ամյակին հրատարակված «Հայերի Ցեղասպանությունը» մեծածավալ փաստագրական աշխատությունը, որը մեծ նվեր էր հայ ժողովրդին ու համայն առաջադեմ մարդկությանը` լսելի ու տեսանելի դարձնելու սերունդներին, որոնք պիտի ընդմիշտ դատապարտեն անցյալում գործած հանցանքներն ու վերջ դնեն ոճռագործ, արյան համն առած գազանի երախի բացվելուն:

Հարց. -Պարոն Գուստ, ինչպե՞ս Ձեզ մոտ առաջացավ հայկական հարցով զբաղվելու հետաքրքրությունը:

Վ.Գուստ. -Փարիզում աշխատածս տարիներին մի գիրք կարդացի, որտեղ պատմվում էր մի երիտասարդի մասին, որը շարունակ հետապնդվում է եւ, որը ստիպված է թաքնված մնալ կյանքը չվտանգելու համար: Հերոսը ինձ մի հայ երիտասարդի հիշեցրեց, որի կյանքն էլ հետապնդումներով էր անցել Թուրքիայում, եւ նա ստիպված տեղափոխվել էր Եվրոպա ու կարոտախտով էր տառապում: Ես մի փոքրիկ ակնարկ գրեցի իմ ամսագրում («Շպիգել») այդ մասին: Հրատարակման հաջորդ օրը մեր գրասենյակը շրջապատեցին մի երկու հարյուրից ավել թուրքեր եւ տարբեր սպառնալիքներ բացականչելով՝ ակնարկի հերքում էին պահանջում : Ինձ «հերքումի» պահանջը շատ զարմացրեց, եւ ես մի քսան-քսանհինգ կամավորների հրավիրեցի իմ առանձնասենյակը զրուցելու: Պարզվեց, որ նրանցից ոչ մեկը չէր կարդացել ակնարկը ու տեղյակ էլ չէին, թէ ինչի մասին է այն: Այնուհետեւ, թեյից չհրաժարվելով, խոստովանեցին, որ իրենց հրամայել են գալ այստեղ ու գոռգոռալ՝ թե ինչո՞ւ, իրենք չգիտեն: Եւ ահա նրանց ճանապարհելով՝ որոշեցի, որ ավելի լուրջ պիտի զբաղվեմ հայկան հարցի ուսւմնասիրությամբ:

Հարց. -Ի՞նչ կասեք մարտի 18-ին Ստանբուլի համալսարանում կայացած կոնֆերանսի մասին:

Վ. Գուստ -Դա տիպիկ թուրքական կոնֆերանս էր, այնտեղ հաճախ է կազմակերպվում այդպիսի կոնֆերանսներ, իհարկե, ոչ այդպես բացահայտ : Այս անգամ, հավանաբար, թուրք պատմաբանները կատարում էին պետության հանձնարարությունը` ժխտել հայերի ցեղասպանությունը: Պատմությունը հնարավոր չէ ժխտել, մի նոր պատմություն գրելու հիմք ես չեմ տեսնում, կատարվել է ցեղասպանություն, եւ դա անժխտելի է:

Հարց. -Թուրք պատմաբանները պնդում են, որ իրենք փաստեր ունեն, թե իբրեւ Թալեաթ փաշան տեղահանումների ժամանակ պաշտպանել է հայերին:

Վ. Գուստ. -Ես թուրքական մասնագետ չեմ, ոչ էլ թուրքերեն գիտեմ, բայց ես շատ լավ ուսումնասիրել եմ գերմանական արխիվներում եղած փաստաթղթերը: Մի քանի թուրք սպայի կամ մի քանի թուրքի սպանել է Քեմալ փաշան, որը Սիրիայում թուրք զորքերի գլխավոր հրամանատարն էր եւ բանակցում էր ֆրանսիացիների հետ, այսինքն՝ նման պահվածքը ուներ քաղաքական պլանավորված նպատակ իրենց իսկական դեմքը թաքցնելու, մի ուրիշ բան ցուցադրելու համար: Աթաթուրքն էլ ոչ թե հայերին սարսափելի տանջելու համար, այլ իր դեմ հեղաշրջման փորձ պլանավորելու համար էր գնդակահարում իր մարդկանց: Իսկ Թալեաթը մահապատժի էր ենթարկում այն սպաներին, գեներալներին կամ թուրքերին, որոնք չափազանց շատ էին հարստացել եւ փախցրած ավարը չէին կիսել իրենց տերերի` երիտթուրքերի հետ: Նա սպանում էր նաեւ այն սպաներին կամ թուրքերին, որոնք` իր կեղծ մարդասիրական, «հայապաշտպան» հրամանների հետեւվից անմիջապես գաղտնի ուղարկված` նախնական ցուցադրական հրամանների տեսանելի դարձնելուց հետո, դրանք շտապ ոչնչացնելու վերաբերյալ ուղղված հրամանները ուշացումով են տեղ հասցրել: Այս բոլոր իրողությունները հաստատում են գերմանական ակտերն ու փաստաթղթերը:

Հարց. -Գերմանաթուրք պատմաբան Սեմ Օյզգյօնույլը (Cem Özgönül), ըստ իր ուսումնասիրությունների` մեղադրում է Հովհաննես Լեփսուսին` հայերի ցեղասպանության, զոհերի թվի հարցերում շատ խախտումներ, անճշտություններ կատարելու համար, եւ, որ առաջին անգամ իր կողմից ուսումնասիրված, Գերմանիայի արտգործնախարարությունում պահված փաստաթղթերը այլ «ճշմարտություններ» են վկայում : Ի՞նչ կարող եք ասել այդ… 

Վ.Գուստ. -Առաջինը` այդ աշխատանքը ոչ թե Լեփսուսը,այլ մենք` ես եւ կինս ենք արել: Բոլոր փաստաթղթերը մեկ առ մեկ ուսումնասիրելով, ինչը, որ Լեփսուսի մոտ բնագրերում արդեն ջնջված էր, այլ փաստաթղթերի հետ համեմատելով մենք դրանք ճանաչելի ենք դարձրել եւ հասել ենք այն բանին, որ ինչ-որ տեղ, Լեփսուսի մոտ զոհերի թիվը քիչ է ներկայացված: Իհարկե, արտգործնախարարությունում գտնվող փաստաթղթերում կեղծիքներն ավելի շատ են, քան Լեփսուսի մոտ: Այս ամենի մասին կարելի է կարդալ www.armenocide.de ինտերնետային էջում, ու այդ թուրք պատմաբանը կարիք չուներ գնալ հասնել արտգործնախարարություն: Զոհերի թվի վերաբերյալ այստեղ կա մի փաստաթուղթ, որի միջից զոհերի թիվը հավանաբար հանված է, բայց կա մի ուրիշ փաստաթուղթ, որտեղ շատ ավելի զոհեր են ներկայացված: Իսկ այդ պատմաբանի եզրակացություններն այնպիսի հիմարություններ են, որ ես ընդհանրապես կասկածում եմ, թէ նա երբեւիցե եղել է նախարարությունում ու տեսել է այդ փաստաթուղթը:

Հարց. -Թուրք պատմաբանները պնդում են, որ օսմանյան կառավարությունը հայերին ոչնչացնելու հատուկ նպատակ չի ունեցել, և որ հայ պայքարողները , ֆիդայիները նունքան ավելի վատն են եղել, որքան օսմանները: 

Վ. Գուստ. -Որ օսմանյան կառավարությունը հայերին ոչնչացնելու հատուկ ծրագրված նպատակ է ունեցել, հաստատում են ժամանակի շատ հայտնի գերմանական դիվանագետների տասը, քսան փաստերն ու վկայագրերը, նրանք այդ կարծիքն հաստատել են իրենց տեսածին հավատալով, իսկ ես այդ ժամանակ այնտեղ չեմ եղել եւ կարող եմ միայն նրանց վկայություններին հավատալ: Իսկ ինչ վերաբերում է հայ պայքարողներին, երբ 1917 թվին մի քանի կամ մի քանի հարյուր հայ ֆիդայիներ պայքարի էին ելել իրենց պաշտպանելու համար, օսմաններին ոչ մի հիմք չկար 1915 թվին պայքարողների ամբողջ ազգը ոչնչացնելու, ցեղասպանությամբ դատապարտելու: Այդ թեզը այս կամ այն փաստաթղթում անընդհատ կրկնվում է եւ դրանցից ազդվում են նրանք, ովքեր այս թեմայի մասին քիչ կամ ընդհանրապես ոչ մի գաղափար չունեն: Ինձ այդ թեզը միայն շա~տ, շա~տ զայրացնում է: 

Հարց. -Պրն. Գուստ, Դուք ահռելի շատ աշխատանք եք կատարել հայերի ցեղասպանությունը հաստատող փաստերի ուսումնասիրման, պարզաբանման գործում, հրատարակել եք բազմաթիվ աշխատություններ ու հատկապես շատ կարեւոր փաստագրական գրքեր, որոնցում եղած ցեղասպանության իսկությունը հաստատող փաստերը հերքելու ջանքերով տարված թուրք նացիոնալիստներին շատ պատնեշների առաջ է կանգնեցնում: Շարունակելո՞ւ եք այդ բարի գործը, թե Դուք այն ավարտուն եք համարում: 

Վ. Գուստ. –Այո, դեռ շատ աշխատանք կա անելու: Պետք է հավաքել թուրքերի կողմից եւ ընդհանրապես հայերի ցեղասպանությունը մերժող բոլոր նյութերն ու հրատարակել; Ցավոք, ես այլեւս չեմ կարող այդ հարցով զբաղվել, քանի որ կնոջս առողջության վրա շատ ծանր ազդեցություն ունեցան փաստերի սարսափելի նկարագրություններն օսմանյան թուրքերի գործած արարքները անմեղ մարդկանց նկատմամբ: Այժմ զբաղված եմ կնոջս խնամելով, որը իմ խնամքի ամբողջօրյա կարիքն ունի: Եթե ժամանակ ունենամ, կարող է խորհուրդներ տամ, բայց լրջորեն զբաղվել այդ աշխատանքով այլեւս չեմ կարող:

-Պարոն Գուստ, մենք խորապես շնորհակալ ենք Ձեզ եւ Ձեր տիկնոջը` Գիզելային, ձեր աննախադեպ դժվարին ծառայության համար, որ մատուցել եք մեր ժողովրդին, Ձեր կատարած աշխատանքը խորհդանիշ է հայ-գերմանական բարեկամության : Առաղջություն ենք ցանկանում Ձեր տիկնոջը եւ քաջառողջության հետ միասին մաղթում ենք Ձեզ ամենայն բարիք, շնորհակալություն:

Անուշիկ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ Դյուսբուրգ (Գերմանիա)