«Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպեսև սպասվում էր, տապալվեց։ Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը։ Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում», -իր facebook-յան էջում գրել է Սենոր Հասրաթյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի մի խումբ՝ իբր փախստական քաղաքացիներ, որոշել էին սեպտեմբերի 1-ին քայլել դեպի իրենց ծննդավայր՝ Աղդամի շրջանի Թազաքենդ գյուղ։ Նրանք պետք է հատեին Արցախի սահմանը, իհարկե, ԶԼՄ ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Առաջին հայացքից այս անմեղ որոշումը Ադրբեջանի հերթական սադրանքն էր՝ մշակված ու մանրամասն թելադրված ադրբեջանական ԱԱԾ և ՊՆ ղեկավարության կողմից, որը կարող էր ունենալ զինված ավարտ։ Սակայն հայկական կողմի աչալրջությունը ստիպեց վերանայել խաղաղ երթ կազմակերպելու ադրբեջանական «անմեղ» նախաձեռնությունը՝ ստիպելով վերանայել սեպտեմբերի 1-յան արկածախնդրությունը։