Հարցազրույցը ներկայացնելուց
առաջ մուտքի անհրաժեշտ խոսք

Մի երկու տարի առաջ Ցեղասպանության թանգարանում աշխատող իմ շատ մտերիմ համակուրսեցու առաջարկով այցելեցի նույն թագարանը: Տպավորիչ էր, բայց ինձ զարմացրեց, որ այնտեղ ոչ մի խոսք եւ ոչ մի բառ չգտա Վոլֆգանգ Գուստի մասին, ով առաջինն էր, որ իր տքնաջան աշխատանքի շնորհիվ բացեց Գերմանիայի արտգործնախարարության արխիվները եւ ցեղասպանությանը վերաբերող փաստերը ուսումնասիրելով՝ տպագրեց մի հաստափոր գիրք վերծանած փաստերով:

Գուստի բացակայությունը թանգարանում ինձ, իհարկե, շատ զարմացրեց, իսկ ուղեկցող աշխատակցուհու հարցն առ ինձ, թե ո՞վ է այդ մարդը, ավելի զարմացրեց: Հետաքրքիրն այն էր, որ ընկերուհիս էլ առաջին անգամ էր լսում Գուստի անունը…

Ինչեւէ, թանգարանի տնօրեն (այժմ՝ արդեն նախկին) Դեմոյանի հետ ծանոթանալու առաջարկն այնքան էլ սրտովս չէր, բայց չուզեցա մերժել ընկերուհուս: Դեմոյանը տեղում չէր եւ մենք տեղակալի՝ Սուրեն անունով (ազգանունը չեմ հիշում) երիտասարդին հանդիպեցինք: Ծանոթացանք, գոհունակությունս հայտնեցի թանգարանի վերաբերյալ, բայց նաեւ շատ քաղաքավարի հարցրեցի Գուստի մասին: Հարցս այնպես զայրացրեց այդ տեղակալին, կարծես հայհոյել էի իր յոթը պորտին: Թե նա ինչպես գոռաց ու սկսեց նախատել ինձ՝ ապշեցրեց թե՛ ինձ, թե՛ ընկերուհուս: Իրավիճակը լիցքաթափելու մտադրմամբ տվածս հարցը, թե գուցե Գուստի ուսումնասիրություններում հայտնաբերվել է նաեւ ռուսական կայսրության մեղքը ցեղասպանության հարցում եւ կայսրության հետ լավ հարաբերությունները չփչացնելու համար են Գուստի անունը թանգարանից ջնջել, գիրքն էլ՝ թաքցրել, պաշտոնյան ցավագինընդունեց ու մեր «բարեկամական» ծանոթությունը ավարտվեց մեծ տհաճությամբ:

Այժմ ուզում եմ եթե ոչ պարոն Դեմոյանին, ապա գոնե նրան փոխարինողին նույն հարցը տալ, թե ինչո՞ւ Վոլֆգանգ Գուստը արգելվեց թանգարանում կամ եթե Գերմանիայի կանցլեր Անջելա Մերկելը նույն հարցով դիմի պարոն Դեմոյանին ի՞նչ պատասխանի կարժանանա… Ի դեպ, Գուստի ուսումնասիրությունները մեծ նշանակություն ունեցան Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հարցում, նա այդ օրը ներկա էր Բունդեսթագում եւ շատ լավ բարեկամներ են տիկին կանցլերի հետ: Գուցե նոր Հայաստանում թանգարանի ղեկավարությունը համարձակություն կունենա հանել հայ ժողովրդի լավ բարեկամ եւ ցեղասպանագետ Վոլֆգանգ Գուստի վրա դրված արգելքը:

Օգտվելով նրանից, որ Henq.am-ի խմբագիրն իմ համակուրսեցին ու լավ բարեկամն է, նյութը սիրով տրամադրում եմ կայքին:

Մարտի 24-ից 26-ը Դյուսբուրգի (Գերմանիա) Վոլֆսբուրգ Կաթոլիկ Ակադեմիայի կողմից կազմակերպած` Հայերի Ցեղասպանության հիշատակին նվիրված կոնֆերանսին մասնակցում էր նաև հրապարակախոս, լրագրող, պատմաբան, գրող Վոլֆգանգ Գուստը, որի ծառայությունը հայ ժողովրդին մեծ հարգանքի ու շատ բարձր գնահատականի է արժանի: Ստորեւ ներկայացնում եմ ճեպազրույցի ընթացքում նրա հետ ունեցած զրույցը, կան նաև մեջբերումներ Դորիս Շեֆեր-Նոսկեի Գուստի հետ ունեցած հարցազրույցից: Վոլֆգանգ Գուստը ծնվել է 1935 թվին Հանովեր (Գերմանիա) քաղաքում, ուսանել է (հռոմեագիտություն) Ֆրանկֆուրտում, Բոննում, այնուհետեւ Տուլուզում (Ֆրանսիա), շարունակելով ուսումը Համբուրգում` ստացել է տնտեսագիտության, ձեռնարկագիտության որակավորում:  1965-ին աշխատել է տնտեսագիտության բնագավառում, հետո տեղափոխվում է աշխատանքի Գերմանիայում ամենահայտնի ամսագրերից («Շպիգել») մեկում` որպես արտասահմանյան բաժնի գլխավոր խմբագիր: 1970-1977թթ. նույն բաժինը վարել է Փարիզում: Այնտեղ եղած ժամանակ էլ ավելի լավ ծանոթանալով հայկական հարցին, երկար ժամանակ զբաղվել է Արցախի եւ հայերի ցեղասպանության հարցերով: 1993թ. -ից, որպես ազատ հրատարակիչ եւ հեղինակ, հրատարակել է բազմաթիվ փաստագրական աշխատություններ, հոդվածներ, նամակներ, գրքեր հայերի ցեղասպանության վերաբերյալ, որոնք գրված են հայկական հարցին վերաբերող Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվներում պահված փաստերի ու ակտերի հիման վրա:



Երկար տարիների համառ, քրտնաջան ու անհավատալի դժվար աշխատանքի արդյունքը եղավ 2005-ին Մեծ Եղեռնի 90- ամյակին հրատարակված «Հայերի Ցեղասպանությունը» մեծածավալ փաստագրական աշխատությունը, որը մեծ նվեր էր հայ ժողովրդին ու համայն առաջադեմ մարդկությանը` լսելի ու տեսանելի դարձնելու սերունդներին, որոնք պիտի ընդմիշտ դատապարտեն անցյալում գործած հանցանքներն ու վերջ դնեն ոճռագործ, արյան համն առած գազանի երախի բացվելուն:

Հարց. -Պարոն Գուստ, ինչպե՞ս Ձեզ մոտ առաջացավ հայկական հարցով զբաղվելու հետաքրքրությունը:

Վ.Գուստ. -Փարիզում աշխատածս տարիներին մի գիրք կարդացի, որտեղ պատմվում էր մի երիտասարդի մասին, որը շարունակ հետապնդվում է եւ, որը ստիպված է թաքնված մնալ կյանքը չվտանգելու համար: Հերոսը ինձ մի հայ երիտասարդի հիշեցրեց, որի կյանքն էլ հետապնդումներով էր անցել Թուրքիայում, եւ նա ստիպված տեղափոխվել էր Եվրոպա ու կարոտախտով էր տառապում: Ես մի փոքրիկ ակնարկ գրեցի իմ ամսագրում («Շպիգել») այդ մասին: Հրատարակման հաջորդ օրը մեր գրասենյակը շրջապատեցին մի երկու հարյուրից ավել թուրքեր եւ տարբեր սպառնալիքներ բացականչելով՝ ակնարկի հերքում էին պահանջում : Ինձ «հերքումի» պահանջը շատ զարմացրեց, եւ ես մի քսան-քսանհինգ կամավորների հրավիրեցի իմ առանձնասենյակը զրուցելու: Պարզվեց, որ նրանցից ոչ մեկը չէր կարդացել ակնարկը ու տեղյակ էլ չէին, թէ ինչի մասին է այն: Այնուհետեւ, թեյից չհրաժարվելով, խոստովանեցին, որ իրենց հրամայել են գալ այստեղ ու գոռգոռալ՝ թե ինչո՞ւ, իրենք չգիտեն: Եւ ահա նրանց ճանապարհելով՝ որոշեցի, որ ավելի լուրջ պիտի զբաղվեմ հայկան հարցի ուսւմնասիրությամբ:

Հարց. -Ի՞նչ կասեք մարտի 18-ին Ստանբուլի համալսարանում կայացած կոնֆերանսի մասին:

Վ. Գուստ -Դա տիպիկ թուրքական կոնֆերանս էր, այնտեղ հաճախ է կազմակերպվում այդպիսի կոնֆերանսներ, իհարկե, ոչ այդպես բացահայտ : Այս անգամ, հավանաբար, թուրք պատմաբանները կատարում էին պետության հանձնարարությունը` ժխտել հայերի ցեղասպանությունը: Պատմությունը հնարավոր չէ ժխտել, մի նոր պատմություն գրելու հիմք ես չեմ տեսնում, կատարվել է ցեղասպանություն, եւ դա անժխտելի է:

                                                                  Անուշիկ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ Դյուսբուրգ (Գերմանիա)

Շարունակելի...