Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքի METROPOLITAN աշխարհահռչակ թանգարանում տեղի կունենա ARMENIA! ցուցահանդեսի բացումը: Այն նվիրված է լինելու հայկական քաղաքակրթությանը, Հայաստանի մշակույթին և պատմությանը: Շուրջ 140 ցուցանմուշներ ներկայացված են Մայր Աթոռից, Մատենադարանից, Հայաստանի պատմության թանգարանից, Կիլիկիայի Հայոց Կաթողկոսարանից, Երուսաղեմի պատրիարքարանից և Վենետիկի Մխիթարյան միաբանությունից:

Աշխարհի ամենաայցելվող թանգարաններից մեկում նման ցուցադրության կազմակերպումը կարելի է դասել տարվա ամենախոշոր և կարևոր միջոցառումների շարքին: Ցուցադրության իրականացման հիմնական միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն, այլ ամերիկահայ բարերարներից, ինչպես նաև այլ աղբյուրներից: Նման աննախադեպ ցուցահանդեսի կազմակերպման գաղափարն առաջ է եկել դեռևս 2014 թվականին, իսկ նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2015 թվականից: Ցուցահանդեսը կգործի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը: