Այս հոգեշահ խորագրի ներքո Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 22-ը արվեստասեր հասարակության դատին կներկայացվի հայ կերպարվեստի նշանավոր վարպետներից մեկի` Հովհաննես Զարդարյանի, ստեղծագործությունների ցուցահանդեսը` նվիրված նրա 100-ամյակին:

Ցուցահանդեսում ներկայացված են բնանկարներ, կոմպոզիցիոն գործեր, դիմանկարներ, այլ աշխատանքներ: Դեռ ստեղծագործությունների էքսպոզիցիոն աշխատանքների ընթացում 500 քմ-ից ավելի տարածք ընդգրկող ցուցասրահն ուղղակի ցնծում էր գույների և գաղափարների այս աննախադեպ տոնական հանդեսից:

Սակայն ավելի լավ է դադար տանք և լսենք, թե ժամանակին նրա մասին ինչ է ասել հանրահայտ արվեստաբան Ալեքսանդր Կամենսկին, «Հովհաննես Զարդարյանը հայկական կերպարվեստի խոշորագույն վարպետներից է: Զարդարյանի նկարներում չափազանց ընդարձակ է կերպարային համակարգի էմոցիոնալ ոճային ընդգրկումը, արվեստագետը տիրապետում է զգացմունքների և մտորումների բազմաթիվ երանգների, գեղանկարչական ու դեկորատիվ հնարքների: Արվեստագետը ձգտում է ստեղծել գեղեցիկ աշխարհի կերպարներ, գեղագիտական և բարոյական վեհ իդեալներ: Նրա կիրառած հնարքների պայմանականությունը ոչ թե ճաշակի կամ որոնումների զուտ ձևական կարգի պատահական շրջադարձ է, այլ օրինաչափորեն առաջացած գեղարվեստական համակարգ»:

Այս ցուցահանդեսը, որոշակիորեն նորովի է բացահայտում Հ. Զարդարյանի ինքնատիպ, խորը և լավատեսությամբ ու ներդաշնակությամբ լի արվեստը: Ի մասնավորի, անզուգական են իմպրեսիոնիզմին հարող դիմանկարները` «Վիկտոր Համբարձումյան», «Գիտնական Բագրատ Իոանիսյանը», «Խոնարհում, Վ. Սարոյան», «Վարպետ Արամ», «Մարթան և Մուրազը», «Եղիշե Չարենց», «Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը», «Իսահակյանը և Չարենցը Վենետիկում»...

«Կերպարվեստ կենտրոն»
մշակութա-գործարարական ընկերություն