94-ամյա լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրը մտադիր է համերգ տալ իր 100-ամյակի օրը` այդ մասին նա հայտնել է Maximonline.ru-ին տված հարցազրույցում:

«Ես համերգ եմ նախատեսել 2024-ի մայիսի 24-ին՝ իմ 100-րդ տարեդարձի օրը: Իսկ հետո տեսնենք: Եվ ինչո՞ւ պիտի ավարտեի: Որպեսզի մեռնե՞մ տանը՝ բազկաթոռին նստա՞ծ: Ոչ, շնորհակալ եմ», -ասել է արտիստը՝ պատասխանելով համերգային գործունեությունն ավարտելու մասին հարցին:

Նա բացահայտել է երկարակեցության իր գաղտնիքը. «Ես ամեն օր 340 մ լողում եմ՝ գոտկատեղիս ծանրություն ամրացնելով: Միշտ ուտում եմ ափսեում եղածի կեսը: Արդեն 40 տարի է չեմ ծխում, թեև երբեմն կարող եմ ինձ երես տալ՝ սիգար վայելելով: Չեմ խմում նաև թունդ ալկոհոլ: Միայն գինի ու շամպայն»:

Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման արդյունքում «Դարի արվեստագետ» ճանաչված Ազնավուրը պատմում է, թե ինչպես է իրեն հաջողվել 51 տարի ապրել կնոջ՝ Ուլլա Տորսելի հետ. «Առաջին անգամ ամուսնացա, երբ շատ երիտասարդ էի: Երկրորդ անգամ՝ երբ շատ հիմար էի: Երրորդ անգամ վերջապես ամուսնացա այն կնոջ հետ, ում մասին միշտ երազել եմ՝ բաց աչքերով և մետաքսանման մաշկով շիկահերի: Բացի այդ, Ուլլան ինձանից 17 տարով փոքր է: Տարիքային գերազանց տարբերություն, կարծում եմ»:

Շանսոնիեն պնդում է՝ տևական ամուսնության գաղտնիքը դիմացինի հետ առավելագույնս բնական լինելու մեջ է։ Ասում է՝ պետք է մշտապես ասել միմյանց այն, ինչ ցանկանում ես. «Թեև հիմա ես բոլորին եմ ճշմարտությունն ասում: Կարող եմ ինձ թույլ տալ այս տարիքում. ես հիմա կարծես սրբազան կով լինեմ», -կատակել է Ազնավուրը:

Ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը մոտ հազար երգի հեղինակ է, ինչպես նաև բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Մինչ օրս վաճառվել է շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի»: 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

                                                                                            Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ