Ի սկզբանե գաղափարն էր
Ի սկզբանե գաղափարն էր, որը գործողությունների մեկնարկի էր վերածվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 19-ը փետրվարի, 2009 թվականի N 310-Ն թվագրությունն ունեցող «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում «ՑԻԿԼՈՆ-30» իզոտոպների արտադրության համալիրի տեղադրման և Հայաստանի Հանրապետությունում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրին հավանություն տալու մասին» ծրագրով:



Կառավարության որոշման առաջին կետով նույնությամբ կրկնվում էր որոշման անվանումը փոքրիկ հավելում-հղումով` համաձայն հավելվածի: Երկրորդ, երրորդ կետերով հանձնարարություններն առարկայնանում էին թե հանձնարարականների, թե դրանց կատարումն ապահովողների կոնկրետացումներով: Քանի որ դրանք չափազանց սկզբունքային են ոչ միայն որոշման, այլև մեր հետագա շարդրելիքի առումներով, մեջբերենք բառացի`

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել բելգիական ԻԲԱ մոլեկուլյար ընկերության և Քաղցկեղի ֆրանսիական ինստիտուտի հետ բանակցությունների գործընթացի իրականացումը և համապատասխան պայմանագրերի նախապատրաստումը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2009 թվականից ապահովել Հայաստանի և օտարերկրյա համապատասխան բուհերում ու գիտական կազմակերպություններում Միջուկային բժշկության կենտրոնի համար կադրերի պատրաստումը` ըստ կենտրոնի կողմից ներկայացված ուղղությունների:

Որոշումն ուներ և չորրորդ կետ, որը հավաստում էր դրա ուժի մեջ մտնելու օրը` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստորագրված այս որոշումը կարող էր շրջադարձային դառնալ ՀՀ առողջապահության, գիտության, արդյունաբերության և այլ ոլորտների համար, եթե ունենար բնականոն ընթացք և բարեհաջող ավարտ։ Որոշման համաձայն, սեղմ ժամկետներում «Ա․Ի․Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում պետք է տեղադրվեր իզոտոպերի արտադրության համալիր, որը սկիզբ կդներ բոլոր տեսակի ռադիոիզոտոպների արտադրությանը՝ նպաստելով Քաղցկեղագիտության ինստիտուտի և Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանը՝ հիմնված ռադիոնուկլիդային բուժման վրա։ Ցավոք, ինը տարի անց հստակ կարող ենք արձանագրել, որ սրանցից և ոչ մեկը դեռ չի գործում, իսկ երբ կգործի՝ հայտնի չէ:

Ոչինչ բաց չթողնելու համար անհրաժեշտ եմ համարում գալ սկզբից և ավարտին չհասցրած «շատ հեռանկարային» ծրագրերը ներկայացնել հերթականությամբ՝ ինչ էր նախատեսվում անել և ինչ ունենք այսօր:

«Ցիկլոն-30»
Ա․ Ի․ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտում «Ցիկլոն-30» արտադրամաս ստեղծելու ծրագիրն ինքնանպատակ չէր, այլ խիստ անհրաժեշտ ներդրում Հայաստանում ուռուցքաբանության գերժամանակակից կենտրոն հիմնելու համար։



Ծրագիրը կյանքի կոչելու համար կային կարևոր բոլոր նախապայմանները՝ ֆիզիկայի ինստիտուտի տարածքները համապատասխանում էին բելգիական IBA ֆիրմայի Cyclone-30 ցիկլոտրոնի տեղադրման և շահագործման ռադիացիոն պահանջներին, ինչպես նաև կային ցիկլոտրոնի շահագործման համար բարձր որակավորում ունեցող մասնագետներ: 

Հատկանշական էր, որ ծրագրի հղացման, նրան միս ու արյուն տալու պահին տարածաշրջանում գոյություն չուներ ռադիոիզոտոպների որևէ արտադրություն: Ավելին՝ շուրջ 2000 կմ շառավղով հեռավորության վրա չկար նման արտադրություն կազմակերպելու հնարավորություն ունեցող երկիր։ Սա նշանակում էր Հայաստանն իրապես դարձնել տարածաշրջանային կենտրոն ու քամել ահռելի եկամուներ՝ միաժամանակ բարձրացնելով երկրի հասարակական-քաղաքական կշիռը միջազգային ասպարեզում:



Ինչ է իրենից ներկայացնում ցիկլոտրոնը:
Այն միջուկային ֆիզիկայի ասպարեզում հետազոտությունների ժամանակակից ու մեծ պահանջարկ ունեցող գործիք է, hետևաբար ռադիոնուկլիդների արտադրությունը կարող էր նաև շահութաբեր լինել՝ իրացվելով մերձակա արտասահմանյան շուկաներում։ Ուստի, հաշվի առնելով բոլոր այս նախադրյալները՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում 2006թ․նոյեմբերի 26-ին հայաստանյան շահագրգիռ կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ղեկավարների մասնակցությամբ ԵրՖԻ-ի և ՄՀՄԻ-ի կողմից՝ բելգիական IBA ֆիրմայի Cyclone-30 բազայի վրա ստեղծվել էր ռադիոնուկլիդների արտադրությունը կազմակերպելու համատեղ նախագիծ։

Նախնական պայմանավորվածությունների արդյունքում IBA-ն պատրաստ էր տրամադրել իզոտոպերի արտադրության 17 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ համալիրը, իսկ Բելգիայի կառավարությունն մտադիր էր 13 տարի ժամկետով, արտոնյալ պայմաններով վարկ տրամադրել։ Արդյունքում ներդրումների ընդհանուր գումարը կազմում էր 19 մլն․եվրո:

«Ցիկլոն-30» արտադրամասի հիմնումով կբավարարվեր Հայաստանում միջուկային բժշկության բնագավառում ռադիոիզոտոպների պահանջարկը (որին դեռ մանրամասն կանդրադառնանք), թանկ ներկրումը կփոխարինվեր տեղական արտադրանքով և կառաջանար միջուկային բժշկության ախտորոշման և հիվանդների թերապիայի հնարավորություն։ Զգալի առաջընթաց կարելի կլիներ ապահովել արդյունաբերության, բնագիտության, կրթության և գյուղատնտեսության մեջ, որն անխուսափ կհանգեցներ բնակչության կենսամակարդակի որոշակի բարելավման:

Ուռուցքաբանության գերազանցության կենտրոն
Ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման նպատակը բարորակ և չարորակ նորագոյացումներով հիվանդների բուժման կազմակերպումն էր ավանդական ու ժամանակակից, մասնավորապես՝ քիմիոթերապիայի, ճառագայթային և ռադիոնուկլիդային բուժման բարձր արդյունավետություն ունեցող մեթոդների ու գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

 2011թ․ Գերմանիայի Հայդելբերգի ուռուցքաբանական կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ քննարկվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան ուռուցքաբանական կենտրոն ստեղծելու 3 փուլից կազմված ծրագիր։ Նախատեսվում էր Երևանում կառուցել գերժամանակակից սարքավորումներով, Պոզիտրոն-Էմիսիոն տոմոգրաֆներով զինված կենտրոն, որը կսպասարկվեր Գերմանիայում վերապատրաստում անցած մասնագետների կողմից և կապահովեր որակյալ բուժսպասարկում՝ հիմնված միջուկային բժշկության վրա։

 Այս նորագույն մեթոդը, որի հիմքում ընկած էր ռադիոնուկլիդների կիրառությունը, թույլ էր տալիս անցում կատարել ամբողջ ուռուցքի ճառագայթումից ընտրողական՝ միայն ուռուցքի բջիջների ճառագայթմանը։ Ռադիոնուկլիդային բուժումը նվազագույն վնաս է հասցնում առողջ հյուսվածքներին, ինչը թույլ է տալիս բուժել հեռու գտնվող մետաստազները։ Այստեղ հարկ է նշել, որ Հայաստանում ուռուցքային հիվանդությունները դիտարկվում են որպես բնակչության մահացության հիմնական առողջապահական խնդիրներից մեկը և մեզ մոտ միջինն ամեն տարի բուժում են ստանում 35 000 ուռուցքային հիվանդներ, որոնց 83%-ը կազմում են չարորակ գոյացություններով հիվանդները։ Ուստի Երևանում ուռուցքաբանական կենտրոն ունենալը պահանջված էր և հիմնավորված, որի համար անհրաժեշտ էր մեծածավալ աշխատանքներ իրականացնել երկու ուղղությունով՝
1․Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտում ցիկլոտրոնի տեղադրում,
2․Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի կառուցում և կահավորում:



2012թ․հոկտեմբերի 30-ին հանդիսավոր պայմաններում Երևանի Աջափնյակ թաղամասում Համաշխարհային բանկի օգնությամբ տրվեց Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման մեկնարկը։ Դեռ այս փուլում բոլորը լավատես էին և ավետում էին, որ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի «Ցիկլոն-30» արտադրամասի վրա հիմնված մեգանախագիծը կավարտվի 2015 թ․և կդառնա տարածաշրջանի միջուկային բժշկության լավագույն կենտրոնը՝ ապահովելով ոչ միայն ՀՀ քաղաքացիների կարիքները, այլ նաև նախադրյալներ կստեղծի հարևան երկրներից հիվանդների ներհոսքի համար։ Սա հիրավի գլոբալ ծրագիր էր, որը լուծելու էր քաղցկեղով տառապող հիվանդների խնդիրները՝ Հայաստանը վերածելով օնկոլոգիական հզոր կենտրոնի։

Այս լավատեսությունն էր իշխողը նաև 2013թվին: «168 ժամը» գրում էր, որ կենտրոնի շինարարական աշխատանքները մեծ թափով են առաջ գնում, իսկ ծրագրային մի շարք փոփոխությունների արդյունքում իրականացվել է բյուջեի զգալի խնայողություն և պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում հաստատվել է կենտրոնի հետագա շահագործման կազմակերպման մոդելը:

Այո, ոգևորությունը բուռն էր: Սակայն ավելի ուշ՝ 2015-ին,պարզ դարձավ, որ ավարտվել էին միայն կենտրոնի առաջին փուլի աշխատանքները, իսկ երկրորդ փուլի աշխատանքները դեռ ընթացքի մեջ էին՝ շահագործման հանձնվելու փոխարեն։ Տարիները ընթանում էին, ոգևորությունը՝ նվազում, իսկ Ուռուցքաբանական կենտրոն ունենալու երազանքը՝ մարում։ Վերջապես վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք նորից սկսեցին խոսել կենտրոնը շահագործելու մասին։

2018 թ․սկզբին ԱԺ-ում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը տեղեկացրեց, որ կենտրոնը կառուցված է, օզիտրոն էմուսիոնային տոմոգրաֆը՝ գնված, բայց կա ևս մի բայց՝ այն գործարկելու համար անհրաժեշտ են իզոտոպներ, որոնք պետք է արտադրվեին Երևանի ֆիզիկայի ինստիտուտի «Ցիկլոն-30» արտադրամասում։ Իսկ ցիկլոտրոնի մասին խոսակցությունները մշուշոտ են ու ոչ հավաստի, միայն հայտնի է՝ այն մինչ օրս չի գործարկվել և միգուցե չաշխատի էլ, քանի որ նոր տեղադրված ժամանակ ցիկլոտրոնի չգործելու հավանականությունը 1% է, իսկ տարիներ անց՝ 75%: Փաստորեն ստացվում է՝ վարկային միջոցները սպառված են, իսկ ծրագիրը՝ ձախողված, որը կյանքի կոչելու համար մեր խեղճ ու համեստ բյուջեն պաշարներ չունի։ Ցավոք, դեռևս Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք սկսած նախագիծը ունեցավ չարչրկված և անհասկանալի ընթացք, և, ինչպես միշտ, չավարտված գործը սահուն փոխանցվեց հաջորդ կառավարություններին որպես անբուժելի գլխացավանք։ Հուսանք, որ նոր կառավարությունը կգտնի ստեղծված իրավիճակից նվազագույն վնասներով դուրս գալու ելքեր, իսկ իրավապահ մարմինները կբացահայտեն մեգանախագծի առեղծվածը՝ լույս սփռելով ֆինանսավարկային խճճված պատմության վրա։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ