Արսեն Խառատյանն իր facebook-յան էջում գրում է. «Ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 23-ին, դիմումիս համաձայն, խնդրել եմ Նիկոլ Փաշինյանին ինձ ազատել Վարչապետի խորհրդականի պաշտոնից: Որոշումս պայմանավորված է եղել երկու` ինձ համար կարևորագույն հանգամանքներով.

1. Ընտանիքս, որը բնակվում է Թբիլիսիում և տարբեր պատճառներով այնտեղ է լինելու առնվազն մինչև 2019-ի ամառ:

2. Պետական ծառայությունում այս շուրջ 3 ամիսների ընթացքի` իմ անձնական փոխակերպումները ճշգրիտ գնահատելու ու վերարժևորելու խնդիր ունեմ: Երբ աշխատանքի էի ընդունվում, Վարչապետը շատ հստակ խնդիր դրեց. «Էնպես չլինի, որ ամսվա կեսն էստեղ լինես, կեսը` Թիֆլիսում»: Այն ժամանակ ես վստահ ասացի, թե` «իհարկե ոչ»:

Այս ամիսների աշխատանքային տեմպը իրոք շատ ինտենսիվ է եղել, և հիմա հասկանում եմ, որ պետք է դադար վերցնել, նախ` ընտանիքիս կողքին լինելու և ապա իմ այս ընթացքը հետահայաց ու ողջ

խորությամբ վերլուծել-հասկանալու համար: Շնորհակալ եմ ինձ տրված վստահության համար և հպարտ եմ, որ` իմ կարծիքով անկախ Հայաստանի պատմության մեջ այս ամենահաջողված կառավարության և ընկերներիս հետ նաև այսպիսի ճանապարհ անցնելու հնարավորություն եմ ունեցել: Ինձ համարում եմ թիմի մաս և անկախ կարգավիճակից ուժերիս ներածին չափով աջակցելու եմ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը: Այս ընթացքում ծանոթացել ու աշխատել եմ ինձ համար թանկ դարձած շատ մարդկանց հետ, որոնց հետ վստահաբար շարունակելու եմ ընկերություն անել ապագայում:

Ուրախ եմ, որ այս օրերին կարողացել եմ նեցուկ լինել որոշ մարդկանց, առնվազն հոգեբանորեն:Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ում այս ընթացքում չեմ հասցրել հանդիպել, խոսել, քննարկել կամ աջակցել: Մեծ հույս ունեմ, որ դրական ներդրում ունեցել եմ պարտականություններս իրականացնելիս, դե իսկ որոշ թերացումներ էլ աշխատանքի անբաժանելի մաս են` ինչ խոսք: Սիրում եմ բոլորիդ, վստահ եմ, որ համատեղ, արդյունավետ ու դուխով աշխատել շարունակելու պարագայում, Հայաստանի պայծառ ու երջանիկ ապագան անկասելի է լինելու...»

Henq.am  
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: