Ուռուցքաբանության գերազանցության կենտրոն
Ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման նպատակը բարորակ և չարորակ նորագոյացումներով հիվանդների բուժման կազմակերպումն էր ավանդական ու ժամանակակից, մասնավորապես՝ քիմիոթերապիայի, ճառագայթային և ռադիոնուկլիդային բուժման բարձր արդյունավետություն ունեցող մեթոդների ու գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

 2011թ․ Գերմանիայի Հայդելբերգի ուռուցքաբանական կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ քննարկվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան ուռուցքաբանական կենտրոն ստեղծելու 3 փուլից կազմված ծրագիր։ Նախատեսվում էր Երևանում կառուցել գերժամանակակից սարքավորումներով, Պոզիտրոն-Էմիսիոն տոմոգրաֆներով զինված կենտրոն, որը կսպասարկվեր Գերմանիայում վերապատրաստում անցած մասնագետների կողմից և կապահովեր որակյալ բուժսպասարկում՝ հիմնված միջուկային բժշկության վրա։

 Այս նորագույն մեթոդը, որի հիմքում ընկած էր ռադիոնուկլիդների կիրառությունը, թույլ էր տալիս անցում կատարել ամբողջ ուռուցքի ճառագայթումից ընտրողական՝ միայն ուռուցքի բջիջների ճառագայթմանը։ Ռադիոնուկլիդային բուժումը նվազագույն վնաս է հասցնում առողջ հյուսվածքներին, ինչը թույլ է տալիս բուժել հեռու գտնվող մետաստազները։ Այստեղ հարկ է նշել, որ Հայաստանում ուռուցքային հիվանդությունները դիտարկվում են որպես բնակչության մահացության հիմնական առողջապահական խնդիրներից մեկը և մեզ մոտ միջինն ամեն տարի բուժում են ստանում 35 000 ուռուցքային հիվանդներ, որոնց 83%-ը կազմում են չարորակ գոյացություններով հիվանդները։ Ուստի Երևանում ուռուցքաբանական կենտրոն ունենալը պահանջված էր և հիմնավորված, որի համար անհրաժեշտ էր մեծածավալ աշխատանքներ իրականացնել երկու ուղղությունով՝
1․Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտում ցիկլոտրոնի տեղադրում,
2․Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի կառուցում և կահավորում:

2012թ․հոկտեմբերի 30-ին հանդիսավոր պայմաններում Երևանի Աջափնյակ թաղամասում Համաշխարհային բանկի օգնությամբ տրվեց Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման մեկնարկը։ Դեռ այս փուլում բոլորը լավատես էին և ավետում էին, որ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի «Ցիկլոն-30» արտադրամասի վրա հիմնված մեգանախագիծը կավարտվի 2015 թ․և կդառնա տարածաշրջանի միջուկային բժշկության լավագույն կենտրոնը՝ ապահովելով ոչ միայն ՀՀ քաղաքացիների կարիքները, այլ նաև նախադրյալներ կստեղծի հարևան երկրներից հիվանդների ներհոսքի համար։ Սա հիրավի գլոբալ ծրագիր էր, որը լուծելու էր քաղցկեղով տառապող հիվանդների խնդիրները՝ Հայաստանը վերածելով օնկոլոգիական հզոր կենտրոնի։

Այս լավատեսությունն էր իշխողը նաև 2013թվին: «168 ժամը» գրում էր, որ կենտրոնի շինարարական աշխատանքները մեծ թափով են առաջ գնում, իսկ ծրագրային մի շարք փոփոխությունների արդյունքում իրականացվել է բյուջեի զգալի խնայողություն և պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում հաստատվել է կենտրոնի հետագա շահագործման կազմակերպման մոդելը:

Այո, ոգևորությունը բուռն էր: Սակայն ավելի ուշ՝ 2015-ին,պարզ դարձավ, որ ավարտվել էին միայն կենտրոնի առաջին փուլի աշխատանքները, իսկ երկրորդ փուլի աշխատանքները դեռ ընթացքի մեջ էին՝ շահագործման հանձնվելու փոխարեն։ Տարիները ընթանում էին, ոգևորությունը՝ նվազում, իսկ Ուռուցքաբանական կենտրոն ունենալու երազանքը՝ մարում։ Վերջապես վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք նորից սկսեցին խոսել կենտրոնը շահագործելու մասին։

2018 թ․սկզբին ԱԺ-ում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը տեղեկացրեց, որ կենտրոնը կառուցված է, օզիտրոն էմուսիոնային տոմոգրաֆը՝ գնված, բայց կա ևս մի բայց՝ այն գործարկելու համար անհրաժեշտ են իզոտոպներ, որոնք պետք է արտադրվեին Երևանի ֆիզիկայի ինստիտուտի «Ցիկլոն-30» արտադրամասում։ Իսկ ցիկլոտրոնի մասին խոսակցությունները մշուշոտ են ու ոչ հավաստի, միայն հայտնի է՝ այն մինչ օրս չի գործարկվել և միգուցե չաշխատի էլ, քանի որ նոր տեղադրված ժամանակ ցիկլոտրոնի չգործելու հավանականությունը 1% է, իսկ տարիներ անց՝ 75%: Փաստորեն ստացվում է՝ վարկային միջոցները սպառված են, իսկ ծրագիրը՝ ձախողված, որը կյանքի կոչելու համար մեր խեղճ ու համեստ բյուջեն պաշարներ չունի։ Ցավոք, դեռևս Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք սկսած նախագիծը ունեցավ չարչրկված և անհասկանալի ընթացք, և, ինչպես միշտ, չավարտված գործը սահուն փոխանցվեց հաջորդ կառավարություններին որպես անբուժելի գլխացավանք։ Հուսանք, որ նոր կառավարությունը կգտնի ստեղծված իրավիճակից նվազագույն վնասներով դուրս գալու ելքեր, իսկ իրավապահ մարմինները կբացահայտեն մեգանախագծի առեղծվածը՝ լույս սփռելով ֆինանսավարկային խճճված պատմության վրա։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ