«Ցիկլոն-30»
Ա․ Ի․ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտում «Ցիկլոն-30» արտադրամաս ստեղծելու ծրագիրն ինքնանպատակ չէր, այլ խիստ անհրաժեշտ ներդրում Հայաստանում ուռուցքաբանության գերժամանակակից կենտրոն հիմնելու համար։

Ծրագիրը կյանքի կոչելու համար կային կարևոր բոլոր նախապայմանները՝ ֆիզիկայի ինստիտուտի տարածքները համապատասխանում էին բելգիական IBA ֆիրմայի Cyclone-30 ցիկլոտրոնի տեղադրման և շահագործման ռադիացիոն պահանջներին, ինչպես նաև կային ցիկլոտրոնի շահագործման համար բարձր որակավորում ունեցող մասնագետներ:

Հատկանշական էր, որ ծրագրի հղացման, նրան միս ու արյուն տալու պահին տարածաշրջանում գոյություն չուներ ռադիոիզոտոպների որևէ արտադրություն: Ավելին՝ շուրջ 2000 կմ շառավղով հեռավորության վրա չկար նման արտադրություն կազմակերպելու հնարավորություն ունեցող երկիր։ Սա նշանակում էր Հայաստանն իրապես դարձնել տարածաշրջանային կենտրոն ու քամել ահռելի եկամուներ՝ միաժամանակ բարձրացնելով երկրի հասարակական-քաղաքական կշիռը միջազգային ասպարեզում:

 Ինչ է իրենից ներկայացնում ցիկլոտրոնը:
Այն միջուկային ֆիզիկայի ասպարեզում հետազոտությունների ժամանակակից ու մեծ պահանջարկ ունեցող գործիք է, hետևաբար ռադիոնուկլիդների արտադրությունը կարող էր նաև շահութաբեր լինել՝ իրացվելով մերձակա արտասահմանյան շուկաներում։ Ուստի, հաշվի առնելով բոլոր այս նախադրյալները՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում 2006թ․նոյեմբերի 26-ին հայաստանյան շահագրգիռ կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ղեկավարների մասնակցությամբ ԵրՖԻ-ի և ՄՀՄԻ-ի կողմից՝ բելգիական IBA ֆիրմայի Cyclone-30 բազայի վրա ստեղծվել էր ռադիոնուկլիդների արտադրությունը կազմակերպելու համատեղ նախագիծ։

Նախնական պայմանավորվածությունների արդյունքում IBA-ն պատրաստ էր տրամադրել իզոտոպերի արտադրության 17 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ համալիրը, իսկ Բելգիայի կառավարությունն մտադիր էր 13 տարի ժամկետով, արտոնյալ պայմաններով վարկ տրամադրել։ Արդյունքում ներդրումների ընդհանուր գումարը կազմում էր 19 մլն․եվրո:

«Ցիկլոն-30» արտադրամասի հիմնումով կբավարարվեր Հայաստանում միջուկային բժշկության բնագավառում ռադիոիզոտոպների պահանջարկը (որին դեռ մանրամասն կանդրադառնանք), թանկ ներկրումը կփոխարինվեր տեղական արտադրանքով և կառաջանար միջուկային բժշկության ախտորոշման և հիվանդների թերապիայի հնարավորություն։ Զգալի առաջընթաց կարելի կլիներ ապահովել արդյունաբերության, բնագիտության, կրթության և գյուղատնտեսության մեջ, որն անխուսափ կհանգեցներ բնակչության կենսամակարդակի որոշակի բարելավման:

Շարունակելի...

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ