Ի սկզբանե գաղափարն էր
Ի սկզբանե գաղափարն էր, որը գործողությունների մեկնարկի էր վերածվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 19-ը փետրվարի, 2009 թվականի N 310-Ն թվագրությունն ունեցող «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում «ՑԻԿԼՈՆ-30» իզոտոպների արտադրության համալիրի տեղադրման և Հայաստանի Հանրապետությունում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրին հավանություն տալու մասին» ծրագրով:

Կառավարության որոշման առաջին կետով նույնությամբ կրկնվում էր որոշման անվանումը փոքրիկ հավելում-հղումով` համաձայն հավելվածի: Երկրորդ, երրորդ կետերով հանձնարարություններն առարկայնանում էին թե հանձնարարականների, թե դրանց կատարումն ապահովողների կոնկրետացումներով: Քանի որ դրանք չափազանց սկզբունքային են ոչ միայն որոշման, այլև մեր հետագա շարդրելիքի առումներով, մեջբերենք բառացի`

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել բելգիական ԻԲԱ մոլեկուլյար ընկերության և Քաղցկեղի ֆրանսիական ինստիտուտի հետ բանակցությունների գործընթացի իրականացումը և համապատասխան պայմանագրերի նախապատրաստումը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2009 թվականից ապահովել Հայաստանի և օտարերկրյա համապատասխան բուհերում ու գիտական կազմակերպություններում Միջուկային բժշկության կենտրոնի համար կադրերի պատրաստումը` ըստ կենտրոնի կողմից ներկայացված ուղղությունների:

Որոշումն ուներ և չորրորդ կետ, որը հավաստում էր դրա ուժի մեջ մտնելու օրը` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստորագրված այս որոշումը կարող էր շրջադարձային դառնալ ՀՀ առողջապահության, գիտության, արդյունաբերության և այլ ոլորտների համար, եթե ունենար բնականոն ընթացք և բարեհաջող ավարտ։ Որոշման համաձայն, սեղմ ժամկետներում «Ա․Ի․Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում պետք է տեղադրվեր իզոտոպերի արտադրության համալիր, որը սկիզբ կդներ բոլոր տեսակի ռադիոիզոտոպների արտադրությանը՝ նպաստելով Քաղցկեղագիտության ինստիտուտի և Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանը՝ հիմնված ռադիոնուկլիդային բուժման վրա։ Ցավոք, ինը տարի անց հստակ կարող ենք արձանագրել, որ սրանցից և ոչ մեկը դեռ չի գործում, իսկ երբ կգործի՝ հայտնի չէ:

Ոչինչ բաց չթողնելու համար անհրաժեշտ եմ համարում գալ սկզբից և ավարտին չհասցրած «շատ հեռանկարային» ծրագրերը ներկայացնել հերթականությամբ՝ ինչ էր նախատեսվում անել և ինչ ունենք այսօր:

Շարունակելի...

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ