Երևան, Աբովյան 16: Այսինքն՝ Հայաստանի նկարիչների միություն: Ցուցահանդեսային համալիր և հերթական ցուցահանդես՝ այս անգամ 8 ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների համատեղ ցուցադրությամբ, որոնց միավորում է կերպարվեստում և կյանքում ապրած ժամանակը:

Ցուցահանդեսում ներկայացված է Արշավիր Կիրակոսյանը իր «Երեք երազ» եռանկարով, «Երեկո», «Բնանկար», «Պատուհանի մոտ», Կարմիր տունը» և այլ գործերով: Արշավիրը միայն իր ֆիզիկական գոյությամբ էր բացակայում. ընկերների հետ նրա արվեստը լրացնում էր ցուցահանդեսի տոնական մթնոլորտը:

Գլխավորապես ներկայացվել են գեղանկարչական, քանդակային, դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր: Թվարկենք հեղինակներին և նրանց աշխատանքներից առավել տպավորածները:
Պողոս Առաքելյան՝ «Շորժա», «Բնանկար. գյուղ Շնող», «Փշատենի»:
Վլադիմիր Սիմոնյան՝ «Հավատք», «Սրճարանում», «Աղվերան», «Անձրևից առաջ», «Յասաման»:
Մաքսիմ Գիքինյան՝ «Նալբանդի թռչկանում», «Ամարաս», «Այրիվանք»:
Սեյրան Գասպարյան՝ «Հրեշտակային անուրջներ», «Առաջին խաղողի տունկը», «Անավարտ պատմություն», «Օրհնյալ է այս...»:
Աշոտ Թադևոսյան՝ «Մուտանտ», «Արենա», «Մաքրևանք», «Կեչառիս»:
Էդուարդ Արևշատյան՝ «Արտաշավան», «Ծաղկած դամբուլներ», «Մարմաշենի ձորում»:
Սամվել Աթասունց՝ «Կշեռք», «Խոտի դեզեր», «Լամբադայի լիճը», Կանգառ»:

 Կարելի էր, անկասկած, անդրադառնալ յուրաքանչյուրի արվեստին` արվեստաբանական վերլուծությամբ, դահլիճ հրավիրելով արհեստավարժ արվեստաբանների: Սակայն արվեստաբանները վաղուց ի վեր որքան թանկ ու սպասված, նույնչափ էլ «հեռացած -մոռացած» են ստեղծագործողին և նրա գործը:
Այս պայմաններում ի՞նչ կարող ենք անել... Ընդամենը տեղեկացնել, որ «Հիշողություն» նկարահանդեսը արվեստասեր հանրությանն է ներկայանում մինչև սույն շաբաթվա վերջը:
Համեցե'ք...
Հ.Գ. Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսների մուտքն անվճար է:

 «Կերպարվեստ կենտրոն»
մշակութա-գործարարական ընկերություն