Washington International շախմատային մրցաշարում մեր հայրենակից Հովհաննես Գաբուզյանը նվաճել է հաղթողի տիտղոսը: Մրցաշարին մասնակցել է 72 շախմատիստ, այդ թվում՝ 22 գրոսմայստեր: Հայաստանի ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրած ռուս գրոսմայստեր Անդրեյ Ստուկոպինը Գաբուզյանին զիջել է մեկ միավորով: ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սեւյանը 6 միավորով գրավել է 5-րդ տեղը:

Հիմնական մրցաշարից հետո կայացել է նաեւ կայծակնային խաղի մրցաշարը, որում Հովհաննես Գաբուզյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր եւ զբաղեցրել երկրորդ տեղը:

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտված «Աբու Դաբի Մասթերս» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Գաբրիել Սարգսյանը, ով 7 միավորով եղել է չորրորդը: 1-3-րդ տեղերը բաժանել են ռուս Դանիիլ Դուբովը, ուկրաինացի Անտոն Կորոբովը եւ ԱՄԷ-ի ներկայացուցիչ Սալեմ Սալեհը; Նրանք վաստակել են 7.5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հաղթող է ճանաչվել Դանիիլ Դուբովը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով գրավել է 18-րդ տեղը, Տիգրան Լ. Պետրոսյանը 5.5 միավորով 41-րդն էր, իսկ Էդուարդ Հակոբյանը 3 միավորով հայտնվել է 139-րդ տեղում:
«Աբու Դաբի Մասթերսին» մասնակցել են 31 երկրի 158 շախմատիստ, այդ թվում՝ 47 գրոսմայստեր: