Համագործակցման համն ու հոտը

«Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք համագործակցել: Բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցել»:

Հրանտ Մարգարյան, ՀՅԴ բյուրոյի անդամ

Դուք, անշուշտ, պատրաստ եք, իսկ նրա՞նք:
Դուք մտադիր եք, բայց առայժմ, լինենք անկեղծ, խիստ անտրամադիր եք, քանզի դեռ չեք գտել հենց այն ուժը, որին կցորդվելով, կծառայեք ՀՀ-ին և հայությանը, Արցախի Հանրապետությանն ու հայոց պատմությանը:
Արդյո՞ք այդ ուժը Քոչարյանն է:
Գուցե ուժն այդ հենց Նիկո՞լն է:
Միգուցե, այնուամենայնիվ ՄՈՍԱԴՆ է, կամ էլ (ի՜նչ իմանաս) ԱԱԾ-ն:
Սատանի ականջը խուլ, բայց այդ ուժը կարծես թե Ռուսիո ցարն է:

Այո՜, ՀՅԴ-ն նաև պատրաստ է համագործակցել բոլոր հայերի հետ:
Եթե ընկեր Հրանտը չի ստում, ապա իսկույն պետք է բյուրոն դաշնագրային պայմանագիր ստորագրի և՛ Զարուհի Փոստանջյանի, և՛ ՀՀՇ-ի Գևորիկի, և՛ Շմայսի ու Լֆիկի, և՛ Սևանի խեցգետինների, և Թարթարի կարմրախայտերի հետ: Միայն թե չխախտվի ՀՅԴ-ի 125-ամյա պատվիրանը՝ համագործակցել թեկուզ դևի հետ (վասն հայրենաց և հանուն երկրի), միայն թե մնալ կամ՝ պատմաքաղաքական բոզբաշին քովը, կամ էլ ուտել ողջ բոզբաշը, քամել մսի ոսկրածուծը, մերկ ոսկորն էլ ավանդույթի համաձայն նվիրաբերել երկրին:

Լինենք անկեղծ, քանի՞ հայ է այսօր պատրաստ համագործակցել քաղաքական երդվյալ կուրտիզան և Ալեքսանդրապոլի ազգադավ պայմանագրի սերմնացան ՀՅԴ-ի հետ:
Գուցե միայն Արամ Մանուկյանի մահարձանը՞… կամ միգուցե ԴՐՈ անմահ-մահապարտ կառույցը:
Պարզաբանիր՛, պաղատում եմ…