Երկրաշարժից հետո Վանաձորում ձեւավորվեց 6 տնակային ավան, որտեղ ի սկզբանե ապրում էին 11 քանդված եւ տասնյակներով քանդման ենթակա շենքերի բնակիչները: Տարիների հետ նրանք բնակարան ստացան՝ պահպանելով տնակներն ու գրանցումը կամ վաճառեցին այլ անձանց, եւ տնակների թիվն այս տարիների ընթացքում այդպես էլ չնվազեց՝ Վանաձորում թողնելով երկրաշարժի շունչը: Այժմ երկրաշարժի պատճառով անօթեւան դարձած ընտանիք տնակում չի ապրում: Ժամանակին վարձակալությամբ կամ այլ բնակավայրերից Վանաձորում հաստատվածներն են տնակներում: Նրանց բնակարաններով ապահովելու եւ քաղաքը տնակներից ազատելու նախաձեռնությունը հանձն է առել «Ով, եթե ոչ մենք» 3 երիտասարդներից բաղկացած խումբը. «5 տարի առաջ «Նաիրի» տնակային ավանում հաջողություն ունեցանք, տնակի հողամասը սեփականաշնորհելով՝ մի քանի ընտանիք սեփական տան տեր դարձավ: Հիմա ուսումնասիրել ու հասկացել ենք, որ գրեթե բոլոր տնակային ավաններում հնարավոր է նույն գործընթացն իրականացնել, բացի Սանկտպետերբուրգյան ավանի գետակողմյան մասի: Այնտեղ նպատակահարմար չէ տներ կառուցել, եւ այդ տարածքն արդեն իսկ նախատեսված է այգու համար»:

Նախաձեռնող խումբը հարցը բարձրացրեց ավագանու նիստում, ավագանին հավանություն տվեց հանձնաժողով ստեղծել ու ուսումնասիրել տարիներով անտեսված խնդիրը: Տնակային ավանների 600 ընտանիք եւ հանրակացարանների 140 անօթեւանները շունչները պահած սպասում էին հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի աշխատանքներին: Ուսումնասիրությունից պարզվել է, որ տնակային ավանի 340 ընտանիքի հարց է մնում անլուծելի: Մնացած ընտանիքները ցանկություն են հայտնել հողհատկացումից օգտվել եւ բնակարան կառուցել: Դեռեւս լուծում չի գտնվել հանրակացարանների բնակիչների համար, որոնց 9 տարի առաջ բռնի տեղափոխել են տնակային ավաններից՝ հողը վաճառել, տեղում էլիտար շենք, բարեգործական կենտրոն եւ այլ կազմակերպությունների համար շենք-շինություններ կառուցել:

Անընդհատ նշվող դիտարկմանը, թե քաղաքային իշխանությունները պարտավորություն չունեն տնակային ավաններում բնակվողների համար, նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Քոթանջյանը հակադարձում է. «Նախկին գործարանային ցուցակներում հերթագրվածները պահանջատեր են: Գործարաններից պետք է ստանային, իսկ գործարան լուծարողը եղել է պետությունը, բնականաբար պարտավորությունը անցել է պետությանը: Իրենց համար կառուցած բնակարանները հետագայում տրվել են երկրաշարժից տուժածներին, փախստականներին եւ այլ բնակարանի կարիք ունեցողներին: Մարդասիրական քայլի պատճառով մնացել են անօթեւան»:

Փաստահավաք խումբը բազմաթիվ խախտումներ է արձանագրել՝ փակ դռներ, որոնք որպես օժանդակ կառույց են օգտագործվում՝ հավանոց, փետանոց:

Բնակիչն ունենալով մի քանի տղա՝ յուրաքանչյուր տղայի համար մի տնակ է գնել, որպեսզի հետագայում բնակարան ստանա: Տնակային ավանի բնակիչների համար «Արդա» եւ «Ֆուլլեր» տնաշինական կազմակերպությունները «Տարոն 3» թաղամասում 7 տարվա ընթացքում 51 սեփական տուն են կառուցել եւ 32 բնակարանով կիսակառուցը ավարտին հասցրել: Տնակային ավանի հետ կապ չունեցող քաղաքացիներն են տնակի տեր դարձել կամ տարիներով հանրապետությունից դուրս մարդը, եկել տնակում մի մահճակալ է դրել, տպավորություն ստեղծել, թե իբր բնակվում է. «Համայնքը թույլատրություն է տվել տնակային ավանի հողամասը վաճառել եւ օգտագործել որպես հանրային տարածք, «Վիոլա» ընկերությունը համայնքապատկան տարածքում ջրատար եւ կոյուղիներ է կառուցել, որը բարդացնում է հողերի սեփականանաշնորհման գործընթացը՝ արդեն փոքր մակերեսով հողը դժվար է բաժանել այնպես, որ հետագայում բնակարան կառուցելու հնարավորություն լինի», -ասում է Արբակ Սարգսյանը:

Տարբեր տնակային ավաններից տեղեկություն է ստացվել, թե բազմաթիվ տնակներ բնակեցված չեն՝ ընտանիքի հիմնական մասը դուրս է եկել հանրապետությունից, բայց տնակի հաշվին նպաստ է ստանում, խնդիրը բարձրաձայնելուց հետո բողոքներ են ստացել ընտանեկան նպասից զրկված 30 ընտանիքից: Անգամ սեփականություն ունեցող, մայրաքաղաքում աշխատանքով ու բնակարանով ապահովված քաղաքացիներն են այդ տարբերակից օգտվել: «Այն գումարները, որ տարիներով օգտվել են ապահովվածները, դրանով հնարավոր էր մի քանի բազմաբնակարան շենք կառուցել եւ հիմա չէինք ունենա տնակային ավանի խնդիրը: Նախորդ իշխանությունների ստեղծած համակարգը հանցագործ եւ հնարամիտ կողոպտիչ էր դարձնում բնակչին, որն ապահովված լինելով՝ դեռ կարող էր պետությունից գումար ստանալ՝ 10 հազար դոլարանոց մեքենա վարելով, որն իհարկե իր անունով չէ: Ու եթե նման կարողությամբ անձը ձգտում է եւս 20 դրամ նպաստ ստանալ, այդ մարդու ձեռքը նոր իշխանությունները պետք է բռնեն՝ հնարավորություն տալով 30 տարի տնակում բնակվող բնակչին կարգավիճակի փոփոխություն ունենալ»:

Փաստահավաք խմբին տնակային ավանի բնակիչները կամ շատ լավ են ընդունում, կամ հակառակը. «Երբ մտնում ես տնակ եւ շատ լավ հարդարված մի տիկին է նստած, ջանք չի խնայում համոզել, որ արդեն 30 տարի իր կյանքը մաշել է տնակում, մեզ համար պարզ է դառնում, որ նա այդտեղ չի բնակվում, բնականաբար նա մեզ լավ ընդունել չի կարող : Իսկ իրականում 30 տարի տնակում ապրած բնակչի համար, որ նույնիսկ իր կարգավիճակը չգիտի, նրա համար մենք սպասված այցելու ենք»:

30 տարի խնդիրն անտեսող քաղաքային իշխանություններն այսօր, ի զարմանս բնակիչների, 4 կետ են մշակել, որ կրկին բնակարանի կարիք ունեցողների շարքերում չընդգրկվեն երբեւէ բնակարան կամ ԲԳՎ ստացած ընտանիքները: Առաջարկում են սկզբունքներ մշակել բնակչին բնակտարածքով ապահովելու եւ քաղաքը տնակներից մաքրելու համար: Վանաձորի քաղաքապետարանը Բուլղարական, Նաիրի, Մանրաթելի եւ Թեւոսյան տնակային ավանների համար կդիմի կառավարություն, նախ հողը համայնքին հանձնելու, իսկ բնակչին հատկացնելուց հետո համապատասխան միջոցներ կխնդրեն բնակարանաշինության բեռը թեթեւացնելու համար:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ