Անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու գաղափարի մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությանը շատերն արձագանքնեցին՝ պարզաբանելով, թե ինչ են դրանք իրենցից ներկայացնում և ինչ վտանգների դեպքում են ստեղծվում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մեկնաբանում է, որ անցումային արդարադատության մարմիններ սովորաբար ձևավորվում են այն երկրներում, որտեղ հանցագործությունների, այդ թվում՝ զինված բախումների ու նման այլ իրադարձությունների հետևանքով տեղի են ունենում իրավունքների զանգվածային ու բնույթով անվերահսկելի խախտումներ. «Այդ դեպքում իրավիճակն առանձնանում է նրանով, որ երկրում, որպես կանոն, հանցավորության դեմ պայքարի ու դատական համակարգերը չեն գործառում ընդհանրապես կամ ի վիճակի չեն ապահովել հանցավորության դեմ պայքարն ու արդարադատությունը կոնկրետ գործերի առանձնահատկություններով պայմանավորված»։

Նրա խոսքով՝ միջազգային փորձում առկա են օրինակներ, որոնք վկայում են իրավունքի գերակայության համար դրա վտանգավոր հետևանքների մասին։ Թաթոյանը պնդում է, որ պետք է ամեն դեպքում նկատի ունենալ մեր երկրի Սահմանադրության պահանջն առ այն, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Ընդ որում, այս պահանջը պաշտպանված է փոփոխության ենթարկվելու անհնարինության բացարձակ արգելքով։

Իր հերթին փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը զգուշացնում է՝ եթե իշխանությունը, առանց լուրջ հիմնավորման և սահմանադրության որոշակի նորմերը խախտելով, երկիրը տանի «անցումային արդարադատության» ճանապարհով, ապա նրա քաղաքական հակառակորդները հնարավորություն կունենան մեղադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու արարք կատարելու մեջ: