Անգլիայի առաջնության երկրորդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» հյուրընկալել էր «Ֆուլհեմին»: Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը վստահ հաղթանակ է տարել 3:1 հաշվով: Առաջնությունում «Տոտենհեմը» տոնել է իր երկրորդ հաղթանակը եւ 6 միավորով առաջատարների շարքում է: Իսկ տուրի գերլարված հանդիպումը լոնդոնյան դերբին էր «Չելսիի» եւ «Արսենալի» մասնակցությամբ:

«Ազնվականներն» իսպանացիներ Պեդրո Ռոդրիգեսի եւ Ալվարո Մորատայի գոլերի շնորհիվ արդեն 20-րդ րոպեին առջեւում էին 2:0 հաշվով: Սակայն 37-րդ րոպեին «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլով նախ կրճատել է հաշվի տարբերությունը, ապաև չորս րոպե անց գոլային փոխանցում կատարել նիգերիացի հարձակվող Ալեքս Իվոբիին:

Երկրորդ խաղակեսում «Արսենալը» չի կարողացել զարգացնել հաջողությունը, իսկ ահա 81-րդ րոպեին իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն բաց չի թողել գոլ խփելու հնարավորությունն ու իր թիմին հաշվի մեջ մղել է առաջ: Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի հաղթել է 3:2 հաշվով:

«Չելսին» 6 միավորով հավասարվել է աղյուսակը գլխավորող «Տոտենհեմին» ու «Բոռնմութին» եւ լրացուցիչ գործակիցների հաշվարկով գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Արսենալը» երկու պարտությունից հետո 17-րդն է:

                                                                                          Սոնա ԳԻՇՅԱՆ