Փաշինյանի՝ նոր կառավարության 100 օրվան նվիրված հանրահավաքը լայն արձագանք է ստացել քաղաքական տարբեր ուժերի ու տարբեր պատգամավորների կողմից։ Վարչապետի կողմից արված հայտարարություններում արդեն իսկ վտանգ են տեսնում ԱԺ փոխնախագահ Շարմազանովը և ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Վերջինիս գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ուժգին հարված էր Հայաստանի պետականությանը.
-Հայաստանը տոտալ դեինստիտուցիոնալիզացիայի փուլում է. վարչապետը փորձում է իրենով փոխարինել օրենքները, դատարանները, ներդրումային միջավայրը, գերատեսչություները և այլն: Սակայն երեկվա հավաքին երկու տարակուսելի ու վտանգավոր էլեմենտ առաջացավ: Նախ, Նիկոլ Փաշինյանը փորձեց սենսացիոն ակնարկներ անել բանակցային գործընթացի պատմության մասին: Եվ քանի որ կիսատ-պռատ մոտեցումներն ու պոպուլիզմը այս հարցում ճակատագրական կարող են լինել, ակնկալում ու պահանջում եմ, որ այդ ջինը դուրս գա շշից ամբողջությամբ, և Փաշինյանը հրապարակի ողջ բանակցային գործընթացի տեղեկատվությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած:

Անդրադառնալով իր կարծիքով երկրորդ խիստ վտանգավոր էլեմենտին՝ Աշոտյանը նշել է Արցախյան հիմնախնդրի հնարավոր կարգավորման բանաձևը հանրապետության հրապարակում հաստատելու մասին վարչապետի խոստումը. «Պարո՛ն վարչապետ, հիշեք մեկընդմիշտ, որ կարգավորման ցանկացած բանաձև պետք է ստանա նախ Ղարաբաղի ժողովրդի հավանությունը»։

ԱԺ փոխնախագահ Շարմազանովն էլ, վերլուծելով վարչապետի ելույթը, վճռական կերպով գրել է. «Չփորձե՛ք մատ թափ տալ պատգամավորների վրա»։
Շարմազանովի խոսքով  Փաշինյանը նեղն է ընկել և նյարդային է. «Աջ ու ձախ շանտաժ է անում և սպառնում՝ շտապ օգնության կանչելով ԱԱԾ-ին: Ժամանակն է սթափվելու, չի կարելի ժողովրդի մի հատվածի էմոցիոնալ ֆոնը շահագործելով արկածախնդրության գնալ: Կրկնում եմ՝ սա ժողովրդավարական Հայաստանն է և 21֊րդ դարը, այլ ոչ թե շանտաժով ձեռք բերված դիկտատուրա»:

Շարմազանովին կրկին չի համոզել Նիկոլ Փաշինյանի ելույթն իբրև վարչապետ. «Եթե միջնադարում տխրահռչակ  Լյուդովիկոսը ասում էր` պետությունը ես եմ, ապա Փաշինյանը ավելի հեռուն գնաց՝ նշելով, որ պետությունը իմն է»: