Սարերի հովից փչում է շվին՝
Հայացքդ հառած լազուր սարերին
Լանջերիդ վարդը նռնաքար հրով
Այրում է հոգուդ փշերը անտակ:

Երիտասարդ ստեղծագործող Հերմինե Զարմանյանը այս տողերը գրել է առաջին դասարանում: Սարերում անցկացրած մանկությունն ու մեծերից լսած պատմություններն են ձեւավորել ստեղծագործողի նրբազգաց հոգին: Մուշից եկած Քիշմիշ մամի` մոր տատի, Շիրակի մշակույթի համուհոտն ու Լոռու ավանդույթների խառնարանն է կոփել նրա ներաշխարհը. «Փոքրուց դաստիարակվել եմ նրանց խաղիկներով, մշեցու բարբառի ելեւջներով տատիկներս այնպիսի հեքիաթներ էին պատմում, որ կարող էին միայն զարգացնել իմ երեւակայությունը, ի դեպ դրանք ես ոչ մի տեղ չեմ կարդացել: Այդ կոլորիտում մեծանալով, նաեւ ժողովրդական բանահյուսության հրաշք նմուշների ծանոթանալով՝ իմ մեջ արթնացել է այդ գունավոր աշխարհը` ժողովրդական պատկերավոր մտածողությունը»:

Առաջին դասարանում տառերը սովորելով՝ փոքրիկ թերթիկների վրա հանգավորված տողեր էր գրում: Դասվարը նկատում է, զրուցում նույն դպրոցում աշխատող մայրիկի հետ. «Այնպիսի մտքեր էի թղթին հանձնում, մեծերը կարդում ու տարօրինակ նայում էին, թե ոնց կարող է 7 տարեկան երեխան ապրած սիրո ու կյանքի մայրամուտի մասին մտքեր ունենալ: Ես անգամ իմ գրածի իմաստը չէի հասկանում, երբեմն բառեր էի օգտագործում, որ գրելուց հետո մորս հարցնում էի բառի նշանակությունը: Երեւի Աստվածատուր ինչ-որ բան կար, որ մտքերն ուղղակի իջնում էին» :

Առաջին ուսուցիչների` գրականագետ Մելս Սանթոյանի եւ բանաստեղծ Հրաչյա Սարուխանի դասերը Հերմինեին առաջնորդեցին դեպի բանասիրություն, իսկ արմատների կանչը` մանկավարժություն: Ու դեռ դպրոցահասակ աղջնակը սահուն քայլերով մտավ լրագրության մեծ աշխարհ, որտեղ առաջնորդողը կրկին բոհեմական կյանքն էր. «10-րդ դասարանի աշակերտ էի, փոստային բաժանմունքի 3-րդ հարկում «Հյուսիսային ալիք» ռադիոկայանն էր եւ այնտեղ էին հավաքվում վանաձորցի արվեստագետների սերուցքը: Այդ վայրի հրաշալի կոլորիտը ձգում էր, գնում էի լսելու նրանց խոսքը եւ մի օր էլ ինձ հաղորդում վստահվեց «Երիտասարդության ձայնը» ու այդ դաշտն ինձ տարավ` տարբեր ԶԼՄ-ներում աշխատեցի»:

Հ. Զարմանյանն այժմ ԵՊՀ ասպիրանտ է, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դասախոս, քաղաքապետարանի հանրային կապերի, լրատվության եւ արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ, բայց այս տարիների ընթացքում անդավաճան է մնացել բոհեմական կյանքին:

Ստեղծագործական ողջ կամքը հավաքելով՝ նա ընթերցողի դատին հանձնեց «Ստվերի սիրտը» ժողովածուն, որտեղ ուսանողությունից մինչեւ մեր օրերի խոհերն են, 51 ստեղծագործություն, ամփոփոված 3 շարքերում` հայրենասիրական , սիրային, խոհական. «Ցանկություն միշտ եղել է, բայց մտավախություն ու մի քիչ էլ անվստահություն կար սեփական անձի հանդեպ: Անցած տարի նորից զարթնեց իմ մեջ այդ գաղափարը, եթե Աստված քեզ շնորք է տվել, անկախ նրանից ինչ չափի, պետք չէ ոչնչացնել, եթե տվել է քեզ այդ շնորհքը, ուրեմն ասելիք ունի քո միջոցով: Հիմա եկավ պահը, միայն ափսոսում եմ, որ առաջին ուսուցիչներս իմ կողքին չեն, չեմ կարող լսել նրանց նախատիքն ու գովեստը»:

Գրքի խմբագիր, գրականագետ Աբգար Ափինյանը նկատում է, որ գիրքը երեւույթ է արդի գրականության մեջ, Լոռվա աշխարհի գրողները հայ գրականության դեմքը բնորոշող գրականություն են երկնել. «Գիրքը սիրուն, գողտրիկ նվեր է պոեզիայի Աստծուն: Քո շուրթերը ճշմարտություն խոսող շուրթեր են, դու արժանավորապես կարող ես եւ իրավունք ունես մոտենալ մեր մեծերի ստվերներին»:

Շնորհանդեսին հնչած բոլոր շնորհավորանքները, բարեմաղթանքները, կարծիքները, երախտիքի խոսքերը Հ. Զարմանյանի համար պարտավորեցնող են. «Տարիներ առաջ Մելս Սանթոյանից նվեր ստացա ստեղծագործական առաջին գրիչը, պարտավորվեցի երբեք չընկրկել, շատ կարդալ: Այժմ ավելի մեծ պարտավորություն կա, այս ամենը հնչում է Ստ. Զորյանի հարկի տակ»:

Գիրքը իրականություն է դարձել «Սիմ» տպագրատան հովանավորությամբ: Ընդամենը 100 օրինակ բոլոր նրանց համար, ովքեր կարող են սավառնել հեղինակի «Ստվերի սիրտ»-ում. «Խորհրդանշանական է`մենք բոլորս ունենք մեդալի նման 2-րդ երեսը: Այդ ներքին զգայականը ոչ ոք չի տեսնում, եւ, ցավ է ապրում, ապրեցնում»:

Նելլի Դավթյան