Եւ այսպես 2018-ի օգոստոսի 17-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը շատ դաժան փաստի առաջ կանգնեցրեց հակահեղափոխական-ռևանշիստներին: Նախ, գրեթե երդման պես հավաստիացրեց, որ «Մարտի 1»-ի գործը լրիվ բացահայտված է, ու մեղավորներից ոչ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից, իսկ ամենի՛ց դաժան փաստի առաջ կանգնեցնելն էլ այն էր, որ Նիկոլի թիմը նախապատրաստում է սահմանադրական շրջադարձային փոփոխություն:

 Ըստ այդ փոփոխության՝ խորհրդարանը կարող է ինքնալուծարման որոշում կայացնել: Ասել է թե Նիկոլն այսպես զրկում է ռևանշիստներին վերջին սադրանքի ու խարդավանքի հնարավորությունից:
Ո՛րն է պոտենցիալ այդ սադրանքի էությունը:
Մեր այսօրվա սահմանադրությամբ խորհրդարանը ժամանակից շուտ իր լիազորությունները դադարեցնում է մի՛ պարագայում. եթե գործող վարչապետի հրաժարականից հետո երկու անգամ տապալում է նոր վարչապետի ընտրության քվեարկությունը:

Ո՛րն է այս ճամփով գնալու վտանգը:
Բացատրե՛մ: Գայլերը, ժամանակավոր հագնում են գառան դիմակ ու գառան դմակ, հոր արևներով երդում են ուտում, թե Նիկոլն «արխային» թող հրաժարական տա, իրենք երկու անգամ կտապալեն նոր վարչապետի ընտրությունը, ու խորհրդարանն էդպես կինքնալուծարվի:
Երդվելը երդվում են, բայց հենց Նիկոլը հրաժարական է տալիս, իրենք՝ ՀՀԿ-ով, ՀՅԴ-ով, բանով, ծածուկ միանում, նորից «կոալիցիոն ոհմակ» են կազմում, գառան դիմակները հանում, գառան դմակների տակից նորից պոչ խաղացնում, իրենց էությունն են նորից ջրի երես հանում: Այսինքն՝ երդումն ուրանում, արանքից սպրդում, նոր վարչապետ են տեղում ընտրում: Ու էս անգամ արդեն ոչ թե իրենց հոր, այլ իրենց արևին՝ Նիկոլին թախտից «գցում» և կամ «ֆուկ» են անում:

Նիկոլի թիմի առաջարկած փոփոխությունն ընդունելու դեպքում հենց այդ տարբերակի դեմն է առնվում: Խորհրդարանը այդ փոփոխությունն անելուց հետո արդեն կարող է, առանց վերոհիշյալ «տապալումների» փուլերն անցնելու, ուղղակի միանգամից ինքնալուծարման որոշում կայացնել: Արդյունքում՝ դավ-խարդավանքի վերջին հնարավորությունն են էդպես ռևանշիստների ձեռներից առնում, ու ա՛յս դեպքում արդեն հենց իրենք՝ ռևանշիստներն են փաստի առաջ կանգնում. կա՛մ-կա՛մ: Կա՛մ ինքնալուծարմանը դեմ են քվեարկում ու ժողովրդի աչքի արդեն ոչ թե փուշն, այլ գերանն են դառնում, կամ, ճարահատ, խելոք-հնազանդ-լոյալ ձևանում, ինքնալուծարմանը կողմ են քվեարկում:
Հիմա կասեք, թե սահմանադրական այդ փոփոխությունը և՛ս դրանք կարող են տապալել այդպես: Այո՛, կարող են , բայց էլի հետո ստիպված են լինելու նույն ժողովրդի ցասման հետ գործ ունենալ:
Ըստ իս՝ Նիկոլի թիմի այս քայլը իրավիճակից ելնելու շատ լավ տարբերակ է: Մի բանն է միայն այստեղ մտահոգող. պատկերացնո՞ւմ եք, թե որքան լարված ու անհուսալի է իրավիճակը այդ «գաձյուշնիկում», որ «խեղճ» Նիկոլն արդեն չի ուզում մինչև եկող տարի սպասել, հիմա՛, օր առա՛ջ, հրատա՛պ է այդ հարցն ուզում լուծել:

Իսկ առհասարակ հանրահավաքն անցավ իր բնականոն հունով, հանրահավաքին ոչինչ խոչընդոտ չեղավ՝ բացի մի՛ բանից՝ Նիկոլի ձայնից. ձայնը կտրվեց: Եւ ուստի տնտեսական հարցերին ինքը թեթև՛ անդրադարձ արեց:
Դե ինչ, այսուհետ՝ ձայնդ անսպա՛ռ, պարոն վարչապետ, այսուհետ ավելորդ տեղը սրա-նրա վրա շատ նյարդ չփչացնես, ձայնդ կխնայես: Համ էլ, ըստ իս, շուտ է տնտեսության մեջ փոփոխությունները մեկնաբանելը: Հաշվարկային տարին գոնե թող ավարտվի, նոր կմեկնաբանվի, նոր կվերլուծվի:

Մի բան էլ ու՝ վերջ: Քոչարյան «տերմինը» հանրահավաքում բնավ չգործածվեց, բայց ակնարկ արվեց:
Ինչ ակնա՞րկ:
Հե՜չ, ասվեց, որ մարդականց ջարդի պարագլուխները, մեկ է, նստելու են: Ու ստեղ ծալվեցին ոչ միայն Քոչարյանի, այլև նրանց ոտքերը, ովքեր հույս ունեին արանքներից մի կերպ դուրս սպրդելու: Մանավանդ որ հետն էլ (նորից հիշենք) շատ պատասխանատու հայտարարվեց, թե «Մարտի 1»-ի գործը լրիվ բացահայտված է: Իսկ դա էլ նշանակում է, որ դրանց ճակատագիրը նույնպես ծերից ծեր «բացահայտված» է:

 Շատ բերան փակեց, ավելի ճիշտ՝ շատ բերան զարմանքից բաց մնացած թողեց և այն, որ Նիկոլն իր ելույթում գործածեց մինչ այդ երբեք չգործածած արտահայտություն՝ «հայ և ռուս ժողովրդի բարեկամություն ու դրա խորացում»: Բա՞: «Անխղճություն» էր այդ բանը Նիկոլի կողմից նրա՛նց հանդեպ, ում վերջին հույսն էր ռուսներին Նիկոլի ու Նիկոլի թիմի հետ «կռվեցնելը»:
Դե ինչ, ռուսներին հիշեցինք, «աֆորիզմի» ժանրում իրենց չգերազանցված վարպետի՝ Վիկտոր Ստեպանովիչ Չեռնոմիրդինի խոսքով էլ ամփոփենք՝ դիմելով նրանց, ովքեր, պարզվեց, զուր տեղն էին էդ «կռվեցնելու» հույսը փափայում.
-А кто попытается мешать - о них знаем мы в лицо! Правда там не назовёшь это лицом!

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ