ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են և´ մեղադրող, և´ պաշտպանական կողմը:

«Այսօր ստացել ենք որոշումը և նախապատրաստվում է բողոքը», -«Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նույնպես հաստատել է, որ իրենք ևս ստացել են որոշումը և այն մանրակրկիտ ուսումնասիրում են:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

Նույն օրը, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից նշեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը: