Ձեր խոնարհ ծառան, թեպետ տհաճությամբ, սակայն ճարահատ շարունակեց լսել «Երկիր Մեդիայի» հյուրընկալած «մեդիումի» զրույցը «աստրալ սուբստանցից» դեռևս լիովին չվերադարձած վարողի հետ: Վերադարձած լիներ՝ մի հարց գոնե կտար, կոնկրե՛տ, ուղի՛ղ մի հարց. «Մարդկանց ո՞վ կոտորեց մարտի 1-ին, կասե՞ք, պարո՛ն Քոչարյան»: Կամ գոնե մի անգամ կցավակցեր մարդկանց հարազատներին: Դրա փոխարեն ահա թե ինչ հարց է տալիս դեռևս Լուսնի վրա իրեն երևակայող «թանկագին» հյուրին.

Վարող-ցանող տղա  -Պարո՛ն Քոչարյան, մամուլի ասուլիսին ամենակարևոր բանը, որ ուզում էիք ասել, երբ չկարողացաք, ի՞նչն էր լինելու, ի՞նչ ուղերձ էր լինելու:

Քոչարյան  -Օ-օ՜, էնքա՜ն բան կար ասելու. խանգարեցի՜ն…

 …Ու այստեղ արդեն նորից կիսատ մնաց իմ դիտելիքն ու իմ լսելիքը. էս անգամ սի՜րտս լցվեց, ու ես ամբողջ էդ լցվածս սրտով ուզեցի երկու բառ ասել էդ խեղճ «խանգարված» մարդուն.
-Վա՜յ  իմ «խանգարված» նախկին նախագահ, քեզ դրին, էդպես առանձնակի դաժան խանգարեցի՞ն: Բայց մյուս կողմից էլ՝ էն ժամանակ խանգարեցի՞ն, հա՞, է հիմի՛ ասա: Երեկ ինչի՜ն որ էդպես խանգարեցին, բո՜-լո՜րն էսօր ասա՛:

 

Ու այս հարցը ես հիմա տալիս եմ՝ Քոչարյանի կողքին նստած էդ տղու տեղակ, անգամ հորդորում.
-Այ տղա, ի՞նչ կըլնի, մի բերան հարցրու՝ «Ի՞նչ էիր ուզում ասել, պարոն Քոչարյան, ինչ երեկ չասիր, այսօ՛ր այստե՛ղ ասա՛, պարո՛ն Քոչարյան»:

…Էդպես էլ չհարցրեց էդ անիրավը, խոսքը կտուրը գցեց, մարդկանց կոտորած իր զրուցակցի սև անցյալը դրեց, տեղում պարտակեց, առանց գետինը մտնելու անցավ իր զրուցակցի «լուսավոր» ապագային ու էդ ապագայի բյուր պլաններին: Ու իր զրուցակցից, որպես իր համար մեծ աչքալուսանք, քամեց ու լսեց այն, որ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն…

Պարոն Քոչարյան, մոռացա ասել՝ սուփրան փռել են, քեզ են սպասում: Հա՛, վերադարձիդ են անհամբեր սպասում, բայց հաստա՞տ գիտես, որ քաղաքականություն ու ոչ Նուբարաշեն: Բա որ քաղաքականության տեղ Նուբարաշե՞ն քեզ վերադարձնեն, ընտրական շտաբդ բերդո՞ւմ ես բացելու: Ավելի դյուրին է շտաբդ էդ հիմնարկի կողքին գտնվող՝ հավիտյանս խաղաղ «հիմնարկո՛ւմ» բացել, քան է՛դ հիմնարկում: Նախընտրական ուղերձներիդ տեղ «քսի՞ֆ» ես ղրկելու: Բա որ անցյալի «կասյակներիդ» համար էդտեղ քեզ կանչեն, «թավան» դնեն վրադ: Ծանր «թավանի» բեռան տակ կքած՝ ո՞նց ես ընտրարշավ, ընտրակա՜ն մարաթո՜ն վաղը ելնելու…

Ու այ այստե՛ղ «աստրալ» գնացած տղան, իր զրուցակցի քաղաքականություն վերադառնալու ուրախալի լուրից դոպինգ ստացած, վերջապես վերադառնում է իր խուլ «անգոյությունից» ու էնքան ոգևորվում, որ անգամ ինքն է սկսում կուտ տալ իր զրուցակցին:

Վարող-ցանող տղա  -Է՜ վերադառնում եք որպես անհա՞տ, թե՞փորձելու եք նաև քաղաքական ուժի ձևավորման մասին մտածել:

Քոչարյան -Կարող է լինել տարբեր ֆորմատներով այդ վերադարձը: Ես կարող եմ ասել պատճառների մասին: Ինչի՞ եմ մտածում, որ պարտավոր եմ ուղղակի վերադառնալ քաղաքականության մեջ: (Ու ստեղ Քոչարյանն արդեն իր բերանո՛վ է իր կողքի տղուց կուտ ուզում՝ Գ.Ս.) Հետաքրքի՞ր է պատճառները: (Հաստա՛տ որ հայոց լեզուն մնաց էս մարդու առաջին թշնամին, թեպետ կողքինն էլ մեծ դժվարությամբ է հայերենի հանդեպ իր թշնամությունը զսպում՝ Գ.Ս.):

Վարող-ցանող տղա -(Քոչարյանի խնդրած կտի ակնարկն առնելով՝ սկսում է կուտ տալ՝ մատների վրա հաշվելով իր տված կտի բոլոր հատիկները՝ Գ.Ս.)  Երկրի ներքաղաքական վիճա՛կը, Ղարաբա՛ղը, թե՞ ի՛նչ (ու այ ստե՛ղ մի շա՜տ անհարմար բան է ստացվում. նոր-նոր թմրահան եղած էս տղու երրորդ մատն ուղիղ Քոչարյանի դեմ ցցված է մնում՝ Գ.Ս.)…

Ու այ ստե՛ղ պարզվում է նաև Քոչարյանի ուզած ու դաշնակցականների  սիրած կտի էությունը. իրենց ամբարում թանկ-թանկ պահած ա՛հը, թուրքի ու ռուսի՛ այսօր շռայլորեն շաղ տրվող ահը:
Ա-յո՜:
Էկա՜ն-հասա՜ն իրենց ամեն անգամվա տրամաբանական վախճանին՝ թուրքի ահին ու ռուսի ահին: Տված էդ կտից Քոչարյանը, նոր ավյուն ստացած սոխակի նման, իջնում է հայոց համազգային կոռուպցիայի պարտեզում վարդի պես իր տակ բացված դաշնակցության կարմիր թերթին, ու սույն սոխակն արդեն սկսում է երգել: Երգն էլ գիտե՞ք թե ինչի մասին է: Այո՛, մեր ոսոխների վաղը ցփնելիք ահ ու սարսափի՜, ծա՜նր հարցականի տակ ընկած մեր ապագայի՛ ու առանց Քոչարյանի հայրենի երկրի դատապարտված լինելո՛ւ մասին է:

Ու Քոչարյանը գալիս-հասնում է նորից… բանակին, ու մեղադրում նոր իշխանությանը, որ նա բանակն այսօր դրել-թուլացնում է: Իսկականի՜ց որ ամենաագրեսիվ փոքրամասնություն: Հենց այս մարդու ու իր նմանների համար են կարծես ռուսները ասել.«Наглость – второе счастье»:  Պատկերացնո՞ւմ եք, ինքն, իր Սերժը, իրենց «մանվելները», իրենց «սաշիկները» բանակից կաշին ու կմախքը թողնում, նոր իշխանությանն են այսօր դրել-մեղադրում:

Բանակը քո միակ նվաճմա՛ն՝ հայոց համատարած կոռուպցիայի՛ արդյունքում թուլացավ, պարո՛ն Քոչարյան:

Բանակը քո վարած քաղաքականության արդյունք ազգի կեսի գաղթելու «շնորհի՛վ» թուլացավ, պարո՛ն Քոչարյան: Մարդ չթողիր երկրում, որ գնան-ծառայեն, պարո՛ն Քոչարար, եղածների ձեռից էլ դու ու քոնոնք հացն առաք-տվիք ձեր շներին, հիմա դո՞ւ ես ուրիշի մեղադրում: Սելը ճռռալու տեղ, սելվո՞րդ է ճռռում, այ… բայղուշ ճռի՛կ:

Բանակը թուլացավ, որովհետև ձեր ու ձերոնց երեխեքին չէիք ղրկում ծառայելու, իսկ ծառայողներին էլ էնպես զզվեցրիք, որ երկրից գնացին, գաղթական դարձան, սեփական երկիր պաշտպանելու տեղ գնացին ուրիշի նոքարը դարձան: Ու դուք այսօր, առանց իրարից նողկանք զգալու, անպատկառի պես նայում եք իրար աչքերի մեջ ու մեղքը բարդում ընդամենը երեք ամիս առաջ երկրի գլուխ անցածների՞ն: Բա 20 տարի՞ ով էր թուլացնում երկիր ու բանակ ու փոխարենը ուժեղացնում սեփական օֆշոր ու սեփական բանկ: Դո՞ւ, պարոն Քոչարար, թե՞ Նիկոլը: Նիկոլն Արթիկում էր, դու՝ յոթերորդ երկնքում, ո՜վ մարդու իրավունքների լացակումած պաշտպան էսօր մեկեն ու հանկարծահաս դարձած: Ձե՛ն հանիր, ստերի՛ արքայից արքա, ձե՛ն հանիր, դավերի՛ արքայից արքա, ձե՛ն հանիր, խարդավանքների՛ արքայից արքա, ձե՛ն հանիր երեսպաշտությա՛ն արքայից արքա, ձե՛ն հանիր մարտի 1-ին ոչ թե Բանակի, այլ Բանակի հանդերձը հագած տականքի գերագույն հրամանատար ու գլխավոր դեկորատոր ու դիմահարդար, ձե՛ն հանիր կաշառքի՛ հայոց ռահվիրա, ձե՛ն հանիր հայոց «նիսիաների՛» «մեծագույն» ռահվիրա՝ և՛ խանութներում բացած մարդկա՛նց «նիսիաների», և՛ արտաքին պարտքի բնագավառո՛ւմ բացած ձեր «նիսիաների», որոնք էլի էդ հալածված մարդիկ վաղը պտի փակեն… Ու հիմա, էդ «սխրանքներիդ» բեռը շալակիդ, գալի՜ս ես քաղաքականությո՜ւն: Ու էդ կողքինդ էլ սիրահարվածի կակուղ աչքերով նայում է քեզ պես ասպետի դարձին ու հիացմունքից իրեն կորցնում: Էնքան է քեզնով էդ տղեն տարվում, որ իրեն հարցնես՝ անունդ ի՞նչ է, ասելու է՝ Ռոբերտ…

Անլեզո՜ւ, խոնա՜րհ , քեզնով էդպես տարվա՛ծ, քեզնո՛վ էդպես արած արարածին գտել, լա՜վ ես զգում քեզ, է՜լի: Կարգին հարց տվողի գլուխը կորցրել, էդ անհոդաբաշխ խոսքի «վարպետին» դրել ես կողքիդ, դրա՝ հորթի հայացքի ներքո, դրա հնազանդության շքեղ պայմաններում մեջքիդ թև բուսեցրել, թևերդ բացել, խիզա՜խ ճախրո՜ւմ ես, համ էլ էդ թևերով ի՛սկը «հրեշտակ» քեզ ներկայացնում…

…Չէ՛, ո՛չ հրեշտակ ես, ո՛չ էլ արծիվ ես: 20 տարի երկրի վրա նավսդ գցած շատ երկարակյաց ագռա՛վ ես ընդամենը, պարոն Քոչարյան, սոսկ ազգի բայղուշ, որ մի ողջ սերնդի կորած սերունդ սարքեց, որ մի ողջ սերնդի լավագո՛ւյն, չքնա՛ղ տարիները խլեց, որ ազգի կեսին գաղթական սարքեց, էն մյուս կեսին էլ, կանխամտածվա՜ծ, ուզում էր սովից կոտորել, փառք Աստծու, չհասցրեց:
Ա՛մեն: 

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ