The New York Times-ի ընթերցողները քննադատում են Թուրքիայի նախագահին ավտոկրատ և կրոնապետական կառավարման համար: Պարզվում է՝ ընթերցողներից շատերը բավականին ծանոթ են Հայաստան պետությանը։ Շատերն անգամ իրենց մեկնաբանություններում հիշատակել են Թուրքիայի կողմից կատարված հայերի զանգվածային ջարդը։ Նրանք դատապարտում և իրենց արհամարհանքն են արտահայտում այդպիսի վայրագությունների նկատմամբ։

Բազմաթիվ ընթերցողներ նամակներ են ուղարկել թերթի կայքին՝ արտահայտելով իրենց զայրույթը օրերս տպագրված Էրդողանի հեղինակած հոդվածի կապակցությամբ։

«Պարզապես վերցնենք Հայոց ցեղասպանության օրինակը: Տարիներ շարունակ Թուրքիան դատարկ սպառնալիքների միջոցով վախեցրել և սպառնացել է ԱՄՆ կառավարությանը, որպեսզի թույլ չտա պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի դերը», -գրել է Կալիֆոռնիայից Սթիվեն Փեչդիմալջը։ Նա հակված է այն կարծիքին, որ Թուրքիայի նախագահը քննադատում է ԱՄՆ-ին՝ դաշնակցի հասցեին կոշտ սպառնալիքներ հնչեցնելու համար։ Ասում է՝ Անկարան իր արտաքին քաղաքականություն մեջ առաջնորդվում է նույն սկզբունքներով, հատկապես, երբ խոսքը մարդու իրավունքների մասին է:

Նյու Ջերսիից Նիկոլաս Նիկոլաուն էլ գրել է, որ Էրդողանը պարտադրում է ԱՄՆ-ին խաղալ իր կանոններով, հակառակ դեպքում՝ նա «նոր ընկերներ» կգտնի. «Եթե Էրդողանը ցանկանում է միանալ ԵՄ-ին և վաստակել միջազգային հանրության հարգանքը, նա պետք է երկու հասարակ, բայց շատ կարևոր բան անի: Առաջին հերթին նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և երկրորդ՝ թուրքական զորքերը պետք է հեռանան Կիպրոսից, և նա պետք է աջակցի Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը»:

Նյու Յորքից Նելսոն Մարանսի կարծիքով՝ Թուրքիայի անկման սկիզբը դրվեց 2003 թվականին Էրդողանի հաղթանակով. Ընթերցողը գրել է, որ Էրդողանն այդ ժամանակ թաքցրեց իր գլխավոր նպատակը, որով ցանկանում էր Թուրքիան աշխարհիկ ժողովրդավարական պետությունից վերածել ավտոկրատ բռնապետական կրոնապետության. «Նա հեռացել է ԱՄՆ-ից՝ աջակցելով ՀԱՄԱՍ-ին, ճնշելով քրդական խաղաղ խմբերին, էլ չխոսենք Ռուսաստանի հետ դաշնակցելու մասին։ Բարեբախտաբար, ԱՄՆ-ն ուշքի է գալիս և պատժամիջոցներ սահմանում այս ազգի դեմ, որն այլևս չպետք է ՆԱՏՕ-ի անդամ լինի և շարունակի մեր ռազմական դաշնակիցը լինել: Էրդողանի շանտաժը չպետք է և չի կարող ազդեցություն ունենալ, եթե մենք վճռական լինենք: Թուրքիայի անկման մեղավորն Էրդողանն է, և այն կշարունակվի, քանի դեռ Թուրքիան այդ բռնապետի տիրապետության տակ է»։

                                                                                                          Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ