Նոր իշխանություների 100-օրյա գործունեության մասին հնչում են տարբեր, երբեմն հակասական կարծիքներ։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մանրամասնում է՝ 100 օրվա ընթացքում պետական բյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է 2017 թվականին պետական բյուջե վերականգնված գումարի չափին։ Ասում է նաև, որ ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել։ Վանեցյանը վերահաստատեց, որ չի անդրադառնալու ԱԱԾ-ի նախկին գործունեությանը, Ծառայության գործունեության մասին խոսելու է 2018 թվականի մայիսի 10-ից սկսած, այսինքն՝ այն օրվանից, երբ նշանակվել է ԱԱԾ տնօրեն։ 100 օրում արձանագրված արդյունքներին, ինչպես պնդում է ԱԱԾ տնօրենը, հնարավոր է եղել հասնել ստեղծված նոր իրավիճակի, վարչապետի ու կառավարության մոտեցումների շնորհիվ։ Նա այն համոզմանն է, որ նոր կառավարության մոտեցումները շատ են տարբերվում նախկին իշխանություններից։

Ինչ առնչվում է քաղաքական գնահատականներին ու քաղաքական հայտարարություններին, Արթուր Վանեցյանն ասել է. «Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքական հայտարարություններ չեմ անում»։